Բահրեյնի բարձրագույն քրեական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել երկրի շիա համայնքի ազդեցիկ հոգևոր առաջնորդ, մեծ Այաթոլլահ շեյխ Իսա Քասիմին։ Դատավճիռը կայացվել է հեռակա կարգով։
Ինչպես հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, դատական նիստը տեղի է ունեցել երկրում 40-օրյա լարվածության և կրոնական գործիչների ու ակտիվիստների ձերբակալությունների ալիքի ֆոնին։
Նույն գործով ևս չորս հոգևորական դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։
Դատավարությունից առաջ Բահրեյնի ընդդիմադիր ուժերը քննադատել էին շիա հոգևորականների նկատմամբ հարուցված դատական գործընթացները՝ պատասխանատվությունը դնելով երկրի իշխանությունների վրա։ Ընդդիմադիր խմբավորումները նախազգուշացրել էին, որ նման գործողությունների շարունակությունը կարող է խորացնել քաղաքական ճգնաժամը և հանգեցնել հասարակական բախումների։
Նրանք նաև կոչ էին արել Բահրեյնի բնակիչներին հետևել զարգացումներին և պատրաստ լինել պաշտպանելու հոգևոր առաջնորդներին ու շիա համայնքի իրավունքները։
Նշենք, որ շեյխ Իսա Քասիմը Բահրեյնի շիա համայնքի ամենաազդեցիկ կրոնական առաջնորդներից է։
Անի Վարդանյան
























































































