Այսօր Հաղթանակի զբոսայգում վետերանների հետ հաց կիսեցին ՀՀ նախարարները, ՀՀԿ ներկայացուցիչները՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Ճաշի սեղանի շուրջ վարչապետը վետերաններին առողջություն և երկար տարիների կյանք մաղթեց` ասելով, որ որքան էլ փորձեն աջակցել նրանց, միևնույն է քիչ է: Նա նաև հորդորեց վետերաններին խոսել իրենց դժգոհությունների մասին: Ճաշկերույթից հետո Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Խոսելով կառավարության նոր ծրագրի մասին` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ծրագրային փոփոխությունները, որոնք կլինեն, ինքնանպատակ չեն լինի. «Իմ նպատակն է, որ ծրագրում ինչ-որ ներկայացվի, իրականացվի, դա է լինելու իմ գլխավոր նպատակը»: Վարչապետի խոսքերով` իրենք չունեն «կախարդական փայտիկ», որ բոլոր խնդիրները միանգամից լուծեն, բայց անհրաժեշտ է ժամանակ: Հովիկ Աբրահամյանը նաև ասաց, որ չի պատրաստվում աշխատել այն նախարարի հետ, որը չի կատարի իր ներկայացրած ծրագիրը:
Վարչապետը չժխտեց, որ որոշակի անվստահության մթնոլորտ կա իշխանության հանդեպ գործարար հատվածի կողմից, բայց չի կարող ասել, թե ում ինչքան չեն վստահում:
«Բայց որ մենք փորձելու ենք մեր իրատեսական ծրագրերով վերականգնել վստահությունը, դա ես արձանագրում եմ: Մենք տնտեսական ոլորտներում շատ անելիքներ ունենք: Ես ամեն ինչ անելու եմ, որ ստեղծենք հավասար դաշտ: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր գործարար հասկանա և իրականում տեսնի, որ տնտեսական դաշտում բոլորը հավասար են»,- ասաց վարչապետը` հավելելով, որ իրենք իրենց շատ մերձավորների փորձելու են ցավացնել, նեղացնել, քանի որ այլընտրանք չկա: «Ես ինձնից եմ սկսելու»,- խոստացավ վարչապետը:
Դիտարկմանը. «Իսկ ձեր բիզնեսնե՞րը», վարչապետն ասաց. «Իմ բիզնեսները քեզ եմ նվիրելու»:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությանը՝ Աբրահամյանն ասաց, որ ինքը դեմ է այդ մոտեցումներին: