Լկտի դեսպանին կարգի են հրավիրում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանում դիվանագիտական ծառայություն իրականացնող տարբեր երկրների դեսպաններ իրենց իրավունք են վերապահում հանդես գալ մեր պետության նկատմամբ բացահայտ անհարգալից հայտարարություններով, արդեն վերածվում է տխուր ավանդույթի: Ընդ որում, նկատենք, որ վերջին՝ առնվազն հինգ տարիներին իրենց նման ոչ դիվանագիտական պահվածք են թույլ տվել ոչ միայն Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի, այլեւ Գերմանիայի եւ անգամ Վրաստանի դեսպանները: Վերջինս, մասնավորապես, իրեն թույլ էր տվել Վրաստանում հայերենին ռեգիոնալ լեզվի կարգավիճակ տալու՝ Սերժ Սարգսյանի առաջարկի կապակցությամբ ասել` լավ կլինի մտածել, նոր խոսել:

Ու եթե մեր դիվանագիտական կորպուսը անպատասխան թողեց անգամ Վրաստանի դեսպանի՝  նման ցինիկ պատասխանը, ինքնին հասկանալի է, որ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի դեսպաններին կարգի հրավիրելու մասին խոսք լինել չի կարող:

Երեկ, սակայն, համացանցում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ Դավիթ Հարությունյանը բաց նամակով պատասխանել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի այն հայտարարությանը, թե իրենք այսուհետ պետք է զբաղվեն մեր երկրում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերությունների մեջ:

Իր նամակում Դավիթ Հարությունյանը ռուս դեսպանին դիվանագիտական եւ իրավական կոռեկտության շրջանակներում, սակայն, բավականին կոշտ եւ շատ արժանապատիվ կերպով բացատրել էր ինքնիշխան երկրում դիվանագիտական ծառայություն իրականացնող դեսպանի ազատության թույլատրելի չափը` ընդգծելով, որ «հայ- ռուսական հարաբերությունների դեմ ուղղված գործողությունների դեմ պայքարի լավագույն միջոցն է հավասարը հավասարին դիվանագիտական հարաբերություններ վարելը, եւ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը կամայական ցանկություններ իրականացնելու վայր դիտարկելը»:

Դ. Հարությունյանը նաեւ ռուս դիվանագետին հիշեցրել էր դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիայի համապատասխան հոդվածը, որով սահմանվում է, որ օտարերկրյա դիվանագետները պարտավոր են չմիջամտել հյուրընկալ պետության ներքին գործերին:

Այս նամակն ընթերցելուց հետո, վստահաբար, շատերն իրենց զգացին արժանապատիվ պետության քաղաքացի, սակայն, ցավոք, ընդամենը մի պահ: Խնդիրն այն է, որ նամակի հեղինակը ոչ թե կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է, այլ ընդամենը նրա անվանակից մի երիտասարդ ուսանող: Իսկ ահա մեր ԱԳՆ-ն բավարարվեց ընդամենը անատամ հիշատակությամբ, որ «ՀՀ-ում բոլոր կազմակերպությունները գրանցվում եւ գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում»: Ամեն դեպքում` դեռ ամեն ինչ կորած չէ, եթե ունենք նաեւ այսպիսի Դավիթ Հարությունյաններ:




Լրահոս