Ապրիլի 28-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուների ներկայությամբ Բեռլինում բաց մարզում է անցկացրել` ցուցադրելով իր հմտությունները:
Հիշեցնենք, որ մեր հայրենակիցն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին՝ Բեռլինում: Նրա մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչան է, ով հայտարարել է, թե պատրաստվում է տապալել Աբրահամին եւ վերցնել նրա գոտին։ «Երկար ժամանակ է՝ հետեւում եմ Արթուր Աբրահամին եւ գիտեմ, թե ինչպես կարելի է հաղթել նրան»,- ասել է Չեռնոգորիայի ներկայացուցիչը։ «Տեսանյութերի միջոցով ինձ հետեւելն ու իմ դեմ ռինգ դուրս գալը տարբեր բաներ են»,- հակադարձել է Արթուր Աբրահամը:
Մենամարտից երկու օր առաջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արթուր Աբրահամի հետ։
-Արթուր, մեր նախորդ հարցազրույցում ասել էիք, որ դեռեւս ծանոթ չեք Ձեր մրցակցին, նրա հնարավորություններին: Դուք եւ մարզիչդ հասցրե՞լ եք ծանոթանալ նրա տակտիկային, տեխնիկային, նոր մարտավարություն կփորձարկե՞ք:
-Այո, ես եւ մարզիչս դիտել ենք Նիկոլա Սյեկլոչայի մենամարտերի տեսագրությունները եւ, ըստ այդմ, մարտավարություն մշակել: Առանց մանրամասնելու իմ մարտավարության դետալները, կասեմ` ակնհայտ է, որ Սյեկլոչան ուժեղ է, պայքարող, շարժուն, եւ ռինգում նրան տապալելու համար բավականին հնարքներ պետք է կիրառեմ: Կարճ ասած, հեշտ չի լինի, բայց պետք է հաղթեմ:
-Ինչպե՞ս ընթացավ նախապատրաստական փուլը, որտե՞ղ մարզվեցիք:
-Նախապատրաստական փուլն ընթացավ նորմալ, մարզիչս խիտ գրաֆիկով մարզական ծրագիր մշակեց, եւ ես ամենօրյա ծանր մարզումների մեջ էի Բեռլինից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող Քինբաում մարզաառողջարանային քաղաքում:
-Քաշ գցելու հետ կապված խնդիրներ ծագեցի՞ն:
-Քաշ գցելու հետ կապված խնդիրներ չունեմ, արդեն տեւական ժամանակ է, ինչ որոշ սահմանափակումներ եմ կիրառում սննդակարգիս մեջ, այնպես որ՝ մենամարտին նախորդող օրը` կշռվելու արարողության ժամանակ, իմ քաշը սահմանվածից ավելի չի լինի:
-Ապրիլի 24-ին Գերմանիայում հայերը նշեցի՞ն Ցեղասպանության տարելիցը:
-Այո, իհարկե: Բեռլինում եւ Գերմանիայի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան:
-Հայտնի է, որ Գերմանիայում բավականին շատ թուրքեր կան, ապրիլի 24-ին եւ, ընդհանրապես, հայերի ու թուրքերի միջեւ բախումներ լինո՞ւմ են:
-Անկեղծ ասած, կդժվարանամ հստակ պատասխանել այս հարցին. ինքս նման բախման երբեք ներկա չեմ եղել:
-Հայաստանից եւ այլ երկրներից մենամարտի օրը շա՞տ հյուրեր կլինեն:
-Անշուշտ, իմ հարազատները, բարեկամները, ընկերները եւ, իհարկե, իմ մարտարվեստի երկրպագուները մշտապես ներկա են լինում իմ մենամարտերին:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ