Սեպտեմբերի 13-ին WBO և WBA Super World վարկածներում կիսամիջին (մինչև 66.7 կգ) և առաջին միջին (մինչև 69.9 կգ) քաշային կարգերում աշխարհի չեմպիոն 37-ամյա ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (46-0, 25 КО) կրկին կմենամարտի Մարկոս Մայդանայի հետ (35-4, 31 КО): Այդ մասին հայտնել է ինքը Մեյվեզերը, ով վաղուց արդեն հայտնել էր իր վերադարձի ամսաթիվը՝ սեպտեմբերի 13:
«Ես հիանալի թիմ ունեմ, որի հետ շարունակում ենք ռեկորդներ սահմանել ppv վաճառքի առումով: Սեպտեմբերի 13-ին մենք վերադառնում ենք գործին՝ Մարկոս Մայդանա vs Ֆլոյդ Մեյվեզեր, մաս II,-հայտնել է մարզիկը: – Հետո արդեն ես կմենամարտեմ մայիս ամսին և մեծ անակնկալ կմատուցեմ ձեզ: Այո՛, անակնկալ: Այնպես որ, հետևե՛ք իրադարձությունների զարգացմանը»:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին կայացել էր մենամարտ Մեյվեզերի և Մայդանայի միջև, որի ժամանակ Մայդանան գեղեցիկ ելույթ էր ցույց տվել, բայց պարտվել մրցավարների մեծամասնության որոշման պատճառով: