«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը վստահեցնում է, որ իրենց կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ չկա որեւէ հակասություն, իսկ տարբեր հարցերի շուրջ տարաձայնությունները նա համարում է սովորական երեւույթ: Ըստ նրա՝ «Հանրապետություն»-ը մոտ տասը ընտրատարածքում թեկնածուներ կառաջադրի մեծամասնական ընտրակարգով:
-Ձեր կուսակցության քաղխորհրդի որոշումից հետո, երբ բացի կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից, հրաժարվեցիք այլ թեկնածուներ առաջադրել ՀԱԿ համամասնական ընտրացուցակում, լուրեր սկսեցին շրջանառվել, թե այդ ամենը հակասությունների արդյունք է, հիմա էլ հարաբերություններն այլեւս այն չեն:
-«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի որոշումը եղավ այն ժամանակ, երբ Հայ ազգային կոնգրեսում նոր էին սկսվել քննարկումները համամասնական ընտրացուցակի կազմման սկզբունքների վերաբերյալ: Մենք այն ժամանակ որոշում կայացրինք երկու հիմնական պատճառով: Առաջինը՝ ՀԱԿ հոգսը թեթեւացնելու համար, եւ երկրորդ՝ հանրությանն ու ժողովրդին մեկ անգամ եւս փաստելու, որ մեր խնդիրը լոկ մանդատի կռիվ չէ, այլ երկրում օրինական իշխանություն հաստատելու նպատակ: Եթե անգամ մենք չկարողանանք ԱԺ ընտրությունների միջոցով իշխանափոխության ռեալ հնարավորություններ ստեղծել, ապա սա լինի միջանկյալ փուլ՝ նախագահի ընտրություններում հիմնական նպատակին հասնելու համար: Մեր հիմնական խնդիրը սա է: Հասարակության, ժողովրդի մոտ խոսակցություն կար, թե ՀԱԿ-ն անգամ պայմանավորվել է տեղերի առումով, բայց այս քայլով որոշեցինք վերջ տալ խոսակցություններին: Այնպես որ, Կոնգրեսի հետ հակասություններ մենք չունենք, իսկ այս կամ այն հարցի վերաբերյալ տարաձայնությունները միշտ են լինում: Մի առիթով մեր կուսակցության նախագահը հայտարարել էր, որ մենք կլինենք վերջին կուսակցությունը, որը դուրս կգա ՀԱԿ-ից: Ես ուզում եմ կրկնել այդ նախադասությունն ու հավելել՝ մեր բոլոր գործողությունները՝ վերջնական նպատակին հասնելու առումով, պատկերացնում ենք միայն Կոնգրեսի շրջանակներում:
-Այսինքն՝ այս պահին որեւէ հակասություն կամ Կոնգրեսից դուրս գալու միտք չկա՞:
-Բացարձակապես: Այս պահին նման բան չկա եւ վաղն էլ չի լինելու: Կրկնեմ՝ մեր բոլոր նախաձեռնությունները, մեր բոլոր գործողություններն ու վերջնական նպատակին հասնելը պայմանավորում ենք ՀԱԿ-ի շրջանակներում միայն:
-Հայ ազգային կոնգրեսում իրավիճակ է փոխվել. չկարողանալով հասնել կոնսենսուսի` ՀԱԿ անդամ կուսակցությունները համամասնական ընտրացուցակի կազմումը պատվիրակել են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք սա հիմք չէ, որ «Հանրապետություն» կուսակցությունը վերանայի իր դիրքորոշումն ու թեկնածուներ առաջադրի ցուցակում:
-Ես մանրամասն մեկնաբանեցի, թե ինչու մեր կուսակցությունը նման որոշում ընդունեց: Այժմ Կոնգրեսում իրավիճակի առանձնահատուկ փոփոխություն ես չեմ տեսնում: Տեղի ունեցածը մեր բերած երկու կարեւոր հանգամանքների հետ որեւէ առնչություն չունի: Հետեւաբար մեր մոտեցումները մնում են նույնը: Փոխարենը մեր մոտեցումներն այլ են մեծամասնական ընտրակարգի հարցով: Այնպես որ, համամասնական ու մեծամասնական ընտրակարգերը կապելը ճիշտ չեմ համարում: Ի դեպ, նաեւ ասեմ, որ դեռ մի քանի ամիս առաջ է «Հանրապետություն» կուսակցությունն ասել, որ ՀԱԿ համամասնական ընտրացուցակը կազմելը պետք է վերապահել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ սա բավական բարդ ու պատասխանատու գործ է: Ի տարբերություն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի, մենք միայն մեր անձերով ներկայանալու եւ քվեներ ստանալու իրավունք ենք վաստակել: Դա շատ կարեւոր փաստ է ընդդիմության համար:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ Կոնգրեսում որոշեն «Հանրապետություն» կուսակցությունից, այնուամենայնիվ, թեկնածուներ ընդգրկել: Այդ դեպքում դուք կրկի՞ն կհրաժարվեք:
-Ես չգիտեմ՝ ինչ իրավիճակ պետք է փոխվի, որ մենք վերանայենք մեր դիրքորոշումը:
-Ասենք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշի, որ ձեզանից մի քանիսը լինելու են ցուցակում:
-Լեւոն Տեր-Պետրոսյանը դժվար թե նման բան պարտադրի: Ինքը միշտ հաշվի է առել մարդկանց կարծիքը:
-Իսկ ձեր կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով, այնուհանդերձ, առաջադրվողներ լինելո՞ւ են:
-Մեծամասնական ընտրակարգով քաղխորհուրդը որոշում է ընդունել Կոնգրեսի որոշակի օգնության դեպքում մոտ տասը ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու մասին: Բայց կրկնեմ՝ մեր երկրում բոլոր կարգի քաղաքական իրադարձությունները՝ ընտրություններ, հերթական, արտահերթ, մեծամասնական, համամասնական եւ այլն, պետք է ծառայեցվեն օրինական իշխանություն հաստատելու նպատակին:
ՀԱԿ-Ի ՀՈԳՍԸ ԹԵԹԵՎԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ