Ըստ 168.am-ի` վերջերս նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանին ասել է, թե Սերժ Սարգսյանի դուրը չի եկել այն փաստը, որ երգչուհի պատգամավորն ԱԺ հունիսի 21-ի արտահերթ նիստում չի մասնակցել կուտակային կենսաթոշակային օրենքների նախագծերի քվեարկությանը, եւ ՀՀԿ-ին մեծ դժվարություններով, նույնիսկ կեղծիքներով է հաջողվել անցկացնել նախագիծը նվազագույն քվորումով` 66 ձայնով:
«Կամ մանդատդ, կամ սկզբունքներդ ու համոզմունքներդ»,- ասել է Վիգեն Սարգսյանը` մինչեւ աշուն պատգամավորին ժամանակ տալով, որ կողմնորոշվի: Շուշան Պետրոսյանը չի ցանկանում այս հարցով որեւէ մեկնաբանություն տալ: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Շուշան Պետրոսյանն իր արարքների հետ կապված խնդիրներ է ունեցել նաեւ նախկինում:
2012թ., երբ նոր էր ընտրվել պատգամավոր, ԱԺ հայտարարությունների ժամին նա քննադատել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` կոչ անելով քաղաքը բարեկարգելիս լսել մասնագետների կարծիքները եւ չտեղադրել մեծերի գիպսե արձանները, որոնք շատ արագ փչանում են: Դրանից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցությունում Շուշանին նախատել էին, թե չի կարելի ՀՀԿ-ական լինելով քննադատել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որ իրենք մի թիմի անդամ են եւ որ դա խաղի կանոնների խախտում է: Այլ կերպ ասած, ՀՀԿ-ում ուղղակի արգելված է ազատ մտածել, խոսել, արտահայտվել:
Հավելենք նաև, որ օրեր առաջ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե նշված լուրերն իրականությանը չեն համապատասխանում: