ՊԵՏՔ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱՆ ՆԱԵՎ ՄՅՈՒՍ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը նախօրեին հայտարարել էր, որ մինչեւ 2014թ. հոկտեմբեր ամիսը Հայաստանը կքննարկի եւ կհաստատի 2015թ. ռուսական նավթամթերքի՝ առանց մաքսատուրքի մատակարարումների նոր ինդիկատիվ բալանսը: Իսկ մաքսային այդ արտոնությունը վերաբերելու է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությանը, որը ներկրելու է ե՛ւ բենզին, ե՛ւ դիզվառելիք, ե՛ւ նավթային հանքանյութ: «Ժողովուրդ»-ը զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ` պարզելու, թե այդ ամենն ինչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:

-Տարօրինակ չէ, որ հենց այդ ընկերությանն են տալու, բայց հարցն այն է, թե ինչու են նման բան անում ընդհանրապես: ՀՀ-ում դա աննախադեպ երեւույթ է, որովհետեւ այդ բնագավառը միշտ եղել է մրցակցային, այդ բնագավառում եղել են մի քանի ընկերություններ, որոնք զբաղվել են նավթամթերքների ներկրմամբ, իսկ վերջին տարիներին ընդամենը մեկ հոգի էր զբաղվում դրանով` «Ֆլեշ» ընկերությունը: Կարծում եմ՝ սա պետք է նաեւ ահազանգ լինի մնացած բոլոր մենաշնորհներով զբաղվող գործարարների համար, որ վաղ թե ուշ դա իրենց ձեռքից վերցնելու են, որովհետեւ իրենք արդեն նման նախադեպ ստեղծել են: Կհայտնվի մեկ այլ գործարար Ռուսաստանի Դաշնությունից` ելնելով չգիտեմ ինչ-ինչ հանգամանքներից, կստանա, ասենք, արտոնություն տարբեր սննդամթերքների ներկրման ու մաքսատուրքի համար: Սա, իհարկե, անընդունելի է:
-Իսկ որքանո՞վ է դա վտանգավոր Հայաստանի համար, ինչպիսի՞ անցանկալի հետեւանքների կարող է հանգեցնել նման միտումը:
-Հայաստանում քաղաքական ու տնտեսական առումով սա առաջին դեպքն է, որովհետեւ նախկինում նման բան չի եղել: Այն բնագավառը, որը մրցակցային է, այժմ դառնում է 100 տոկոս մենաշնորհ ու անցնում է պետական հովանավորության տակ: Ինչը նշանակում է նաեւ, որ ցանկացած այլ կազմակերպություն, որը կփորձի մուտք գործել այդ շուկա պարզապես հնարավորություն չի ունենա, որովհետեւ ռուսական ընկերությունն արդեն ի սկզբանե մաքասատուրքի չափով առավելություն ունի: Սրանից կտուժենք նաեւ մենք` սպառողներս, քանի որ մենաշնորհի դեպքում ապրանքի որակի եւ սպասարկման առումով գոհունակություն չի լինի: Տեղեկություն ունեմ նաեւ, որ «Ռոսնեֆտ» ընկերության բենզինը, որն օգտագործում են հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաները, շատերի մոտ դժգոհության տեղիք է տալիս` որակի առումով: Այնպես որ, սա իսկապես շատ լուրջ խնդիր է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս