ՀԱԿ-ը մերժում է Հովիկ Աբրահամյանի քարոզարշավին մասնակցելու հրավերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 4-ին ԱԺ խմբակցությունների հետ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ քննարկվեց շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված լայնածավալ հարձակումների հետեւանքով ստեղծված լարված իրավիճակը:

Քննարկման արդյունքում խմբակցությունները որոշում կայացրին հանդես գալ հայոց բանակին եւ զինվորներին աջակցելու միասնական հայտարարությամբ, ինչպես նաեւ որոշվեց խմբակցությունների ղեկավարների համատեղ այցով մեկնել ճակատի գիծ եւ հանդիպումներ անցկացնել հայրենիքի պաշտպանության գործով զբաղված զինվորների եւ հրամանատարական կազմի հետ: Հայաստանի քաղաքական ուժերի միջեւ կայացած այս աննախադեպ համաձայնության նպատակն էր՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար վտանգի պահին բանակի շուրջ բոլոր քաղաքական ուժերի համախմբվածության ցուցադրումը ագրեսորին:

Օգոստոսի 5-ին տարածվեց վեց խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությունը: Թվում էր, թե նույնքան անշեղորեն կիրականացվի նաեւ դեպի շփման գիծ կատարվելիք այցերի մասին ձեռք բերված համաձայնությունը, եւ որեւէ քաղաքական ուժ չի փորձի միակողմանիորեն այն խախտել՝ ստորադասելով ազգային շահերը նեղանձնական կամ նեղկուսակցական քարոզչական դիվիդենտներ քաղելու էժանագին նպատակին: Օգոստոսի 7-ին, սակայն, Ազգային Ժողովի ղեկավարությունը տեղեկացրեց Հայ Ազգային Կոնգրես խմբակցությանը, որ ի փոփոխություն ձեռք բերված պայմանավորվածության՝ տեղի կունենա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը դեպի շփման գիծ եւ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հրավիրվում են մաս կազմել նրա պատվիրակությանը:

Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը, տեղեկանալով ԱԺ խմբակցությունների միջեւ օգոստոսի 4-ին ձեռք բերված համաձայնության մասին, որոշել է օգտագործել այն սեփական անձի գովազդման նպատակով, ինչպես նաեւ, կցելով խորհրդարանական պատվիրակությունն իրեն, փոխարինել ազգային շահերի շուրջ համախմբման խորհրդանիշը՝ իշխանության շուրջ համախմբման պատրանքով:

Հովիկ Աբրահամյանի նման գործելակերպը ուղղված է, ըստ էության, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնության եւ ձեռք բերված համաձայնության տապալմանը: Հայ Ազգային Կոնգրեսը, հետևաբար մերժում է Հովիկ Աբրահամյանի քարոզարշավին մասնակցելու հրավերը եւ վերահաստատում իր պատրաստակամությունը իրականացնելու Սեյրան Օհանյանի հետ օգոստոսի 4-ին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ զորամասեր եւ շփման գիծ կատարվելիք ինչպես համատեղ, այնպես էլ առանձին այցերի վերաբերյալ:

ՀԱԿ 




Լրահոս