ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Կառավարության շենքի մոտ
7 ամսից ավելի է՝ հաշմանդամ օդաչուները բողոքի ակցիաներ են անում Կառավարության շենքի բակում: Երեկ նույնպես նրանք հավաքվել էին՝ պահանջելով իրենց հասանելիք գումարը: Սակայն նրանց այդպես էլ որեւէ պաշտոնյա չմոտեցավ:
ՀԱՐՑ. Աղջիկս 2010թ.-ից գտնվել է մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: 2014թ. վերադարձել է աշխատանքի եւ հիվանդության նպաստ հաշվարկելու կարիք է առաջացել: Խնդրում եմ ասեք, հիմա նպաստի հաշվարկման ժամանակ, 2010թ. բաժին ընկնող ամիսներին ստացված աշխատավարձին եւ դրան հավասարեցված վճարումներին նույնպե՞ս գումարվում են այդ ամիսների համար վճարված գործատուի սոցիալական ապահովության վճարները:
Նելլի Հարությունյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Հարությունյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության N144-Ն որոշման դրույթներով՝ մասնավորապես 3) մասով նշվում է, որ 2013թ. հունվարի 1-ից հետո ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու (վճարելու) համար վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս՝ որպես եկամուտ հաշառվում է հաշվարկային ժամանակահատվածի՝ 2012թ. ամիսների (կամ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների փոխարեն հաշվառվող՝ 2012թ. նախորդող ամիսների)՝ օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծության հանրագումարը: Տվյալ դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար 2012թ. ամիսներին նախորդող ամիսներ են հանդիսանում նաեւ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու՝ 2010թ. ամիսները, որոնց ավելացվում է նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մեծությունը:
ՀՀ հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը հնարավորինս մանրամասն ներկայացված է: Եվ այս դեպքում, եթե առաջացել են որոշակի անճշտություններ, ապա դիմողը կարող է ներկայանալ համապատասխան բաժին եւ լուծում տալ ստեղծված իրավիճակին:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, արդյո՞ք տնտեսագետի որակավորմամբ հաշվետար աշխատելու ժամանակահատվածը կարող է համարվել մասնագիտական աշխատանքային ստաժ, թե՞ ոչ:
Համլետ Մանուկյան (32 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մասնագիտական աշխատանքային ստաժը՝ ստացած բարձրագույն կրթության, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժն է, անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը: Ուստի՝ տնտեսագետի որակավորմամբ հաշվետար աշխատելու ժամանակահատվածը կարող է համարվել մասնագիտական աշխատանքային ստաժ:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն եթե Հ. Մանուկյանը որոշակի ժամանակահատված աշխատել է որպես տնտեսագետի որակավորմամբ հաշվետար, ապա նրա մասնագիտական աշխատանքային ստաժն, անկասկած, կավելանա: