Մերձմոսկվայում հերթական առեղծվածային սպանությունն է կատարվել. օգոստոսի 19-ի գիշերը Ֆոմինսկոյե գյուղի հարևանությամբ հայտնաբերվել է վարորդի դին, որին գնդակահարել են սեփական մեքենայում: Մեքենայի անվադողերն իջեցված են եղել:
Սա այս տարվա ընթացքում երրորդ համանման դեպքն է, երբ անհայտ հանցագործը կամ հանցագործները գիշերը սպանում են պատահական վարորդի. տեղեկացնում է «Վեստին»:
Բոլոր սպանությունները կատարվել են նման հանգամանքներում: Ինչ-որ մեկը ճանապարհին ցցաձողեր է տեղադրում, իսկ երբ վարորդը կանգնում է, որ ստուգի, թե ինչ է պատահել, կրակոցներ են տեղում նրա վրա:
Իրավապահները ենթադրում են, որ Ֆոմինսկոյեի դեպքում մարդասպանները մի քանիսն են եղել: Վարորդ Ալբերտ Յուսուպովը զոհ է դարձել, ամենայն հավանականությամբ, հանգամանքների բերումով:
Յուսուպովին սպանել են ոչ շահադիտական նպատակներով: Նրա բջջայինն ու փողերը հանցագործները չեն վերցրել: Ալբերտից բնակարան վարձող կնոջ խոսքով՝ նա հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, թշնամինր չուներ: Ամենայն հավանականությամբ, տղամարդը բանդայի զոհ է դարձել, որը հատուկ վնասում է անվադողերը և սառնասրտորեն սպանում վարորդներին: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Մերձմոսկվայում 4 նման հանցագործություն է կատարվել: Քննիչները չեն բացառում, որ դրանք միևնույն բանդայի ձեռքի գործն են: