Հայտնի գեղանկարչի որդին ընկել է ՊԵԿ-ի ճանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդին՝  Նարեկ Ավետիսյանը, հայտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց , որ Նարեկը հոր նկարը վերադարձնելու համար տուգանքի է ենթարկվել:

Պարզեցինք, որ հունիսի 3-ին վերաարտահանում մաքսային ռեժիմով Նարեկ Մինասի Ավետիսյանի անունով հայտարարագրվել են նկարներ: Հունիսի 4-ին հայտարարագիրն ընդունվել է մաքսային մարմնի կողմից, սակայն Նարեկ Ավետիսյանը հայտարարագիրն ընդունելուց հետո տասնօրյա ժամկետում չի ապահովել համապատասխան հայտարարագրի ներկայացումը մաքսային հսկողությանը` թույլ տալով մաքսային կանոնների խախտում, ինչի հետեւանքով էլ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության 50.000 դրամի չափով:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նարեկ Ավետիսյանն ասաց, որ երեկ ինքը եղել է մաքսային ծառայությունում եւ խնդիրը կարգավորվել է: «Գերմանիայում ցուցահանդեսի եմ մասնակցել, նկարներից մեկը հայրիկիս աշխատանքներից էր, իսկ մյուսները իմ նկարներն են եղել: Խնդիրն առաջացել էր հայրիկիս նկարի հետ, քանի որ այն չափերով մեծ էր եւ մյուս նկարներից առանձին տեղափոխվեց Հայաստան: Որոշակի խնդիրներ առաջացան փաստաթղթերը սահմանված ժամանակում մաքսային մարմին ներկայացնելու մասով: Կրկնում եմ՝ այդտեղ որեւէ տարօրինակ բան չկա, ամեն ինչ կարգավորվել է»,- հավաստիացրեց Մինաս Ավետիսյանի որդին:

Ըստ Նարեկ Ավետիսյանի՝ սա առաջին դեպքն էր, որ իրենք նկարների համար տուգանքի են ենթարկվել:

Նշենք , որ հայտնի գեղանկարչի աշխատանքների հետ կապված դեռեւս 2011թ. մեծ աղմուրկ էր բարձրացել: Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները տեղափոխվել էին Երեւան՝ վերականգնվելու նպատակով, իսկ հետագայում դրանք պետք է տեղադրվեին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի  «Զվարթնոց» օդանավակայանի նորակառույց տերմինալի մեկնման համար նախատեսված սրահում, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:

Այս որոշման դեմ էին դուրս եկել մի խումբ գյումրեցիներ, ովքեր պահանջում էին Մինասի որմնանկարները վերադարձնել իրենց իսկական տերերին:

Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության քաղաքային նախաձեռնող խմբի անդամ Հասմիկ Մելքոնյանը հավաստիացրել էր, որ Մինասի «Թել են մանում» եւ «Երկանք» որմնանկարները Մինաս Ավետիսյանի որդին՝ Արման Ավետիսյանը, Գյումրիից Երեւան է տեղափոխել թաքուն, այն ժամանակ, երբ իրենք 8 ժամ բանակցել էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ երկու որմնանկարները Գյումրիում վերականգնելու եւ տեղում պահելու հարցերի շուրջ:

Որմնանկարների շուրջ իրավիճակն այն աստիճանի էր թեժացել, որ անգամ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը, դատի էր տվել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Բանն այն էր, որ ակումբի կայքում գեղանկարչի որդու արժանապատվությունը ոտնահարող հրապարակումներ էին եղել, թե իբր վերջինս առանց գյումրեցիների հետ խորհրդակցելու, Էռնեկյանի պատվերն է կատարել:

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ պարզաբանել էր, որ նա իր հոդվածներով որեւէ վիրավորանք չի հասցրել Մինասի որդուն, այլ հնչեցրել է գնահատականներ:

Այսպիսով, Մինաս Ավետիսյանի նկարների շուրջ պարբերաբար աղմկոտ պատմություններ են հյուսվում:

Քնար Մանուկյան




Լրահոս