Նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19:15-ի սահմաններում, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում՝ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում: Մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» հրդեհվել էր: Վթարի պահին «Գազելի» մեջ եղել էր 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել էր, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ.Վարդանյանը ձերբակալված է: Տեղեկացնենք, որ Մանվել Վարդանյանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից է: Նա Հրազդանի պատկերասրահի նախկին տնօրենն է, ամուսնացած է, ունի 3 երեխա: 44-ամյա Մանվել Վարդանյանի մտերիմներն ու ծանոթները ցնցված են դժբախտ պատահարից: Նրանց խոսքերով՝ Մանվելը հավասարակշռված, լուրջ եւ խելացի անձնավորություն է, եւ իրենք հրաժարվում են հավատալ, որ նա կարող էր միտումնավոր որեւէ մեկի մահվան պատճառ դառնալ:
Մանվել Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ներկա իրավիճակը: Փաստաբանը նշեց, որ ինքը բացարկ է հայտնել քննիչին եւ միջնորդություն ներկայացրել իր պաշտպանյալի տված նախկին ցուցմունքները չեղյալ ճանաչելու վերաբերյալ: Քանի որ փաստաբանի հավաստմամբ՝ նոյեմբերի 10-ին՝ դժբախտ պատահարի օրը, մինչեւ ժամը 24-ը Մ.Վարդանյանին հարցաքննել են՝ առանց բժշկական օգնություն ցուցաբերելու, մինչդեռ նա գտնվել է շոկային վիճակում, գլուխը՝ վնասված: Կամազի վարորդին օգնություն ցուցաբերել են միայն այն ժամանակ, երբ վիճակը կտրուկ վատացել է: Փաստաբանն ավելացնում է, որ արգելվել է անգամ հեռախոսազանգ կատարել հարազատներին:
Նշենք, որ փաստաբանի միջնորդությունը բավարարվել է, եւ երբ Մ. Վարդանյանն ապաքինվի եւ ի վիճակի լինի ցուցմունք տալու, այս անգամ արդեն փաստաբանի ներկայությամբ նոր հարցաքննություն կանցկացվի:
Ձերբակալված վարորդն այս պահին գտնվում է նաեւ հոգեկան ծանր վիճակում, ինչի կապակցությամբ փաստաբանը երկրորդ միջնորդությունն է ներկայացրել՝ պահանջելով տրամադրել հոգեբան: Նա նաեւ միջնորդել է իր պաշտպանյալին դատապարտյալների հիվանդանոց տեղափոխել, որի պատասխանը դեռեւս չի ստացել:
Արեւիկ Հակոբյան
Լուսանկարը` Shamshyan.com-ի