Հայաստանում գործող բազմազան կուսակցությունների թվին պատկանող «Գոյամարտ» համազգային կուսակցությունն աշխատում է լինել քաղաքական դաշտի բոլոր բեւեռներում: Կուսակցության նախագահ Սերյոժա Ղազարյանի կարծիքով. «Կանայք պետք է շատ լինեն կառավարող օղակներում, քանի որ նրանք են ծնունդ տալիս եւ գիտեն դրա գինը, կանայք ավելի գործունյա են, քան տղամարդիկ»:ԳՀԿ ղեկավարի հետ հանդիպեցինք կուսակցության վարչության գրասենյակում, որը վերանորոգման մեջ է գտնվում: Այն շատ հին կառույց է եւ այնտեղ բացակայում են աշխատանքային նորմալ պայմանները: Պարոն Ղազարյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ կուսակցությունը գտնվում է «Երեւան քաղաքի` Իսահակյան 16 հասցեում, «Կամերային տան» դիմաց, դա վարձակալած տարածք է, կուսակցությունը գտնվում է կազմակերպչական փուլում: Սա միակ գրասենյակն է Երեւանում, բայց մենք ունենք գրասենյակներ նաեւ վեց մարզերում` Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Եղեգնաձորի, Վայքի եւ Տավուշի»: Պարոն Ղազարյանն ասաց, որ «Կան կուսակցություններ, որոնք տերեր ունեն` ֆինանսավորում են եւ թելադրում իրենց կամքը, սակայն մեր կուսակցությունը ոչ մեկի կողմից չի թելադրվում, մենք ֆինանսավորող չունենք: Կուսակցությունը պահվում է անդամների միջոցով, եթե ուզում ես ինքնուրույնություն պահել, պիտի այդպես աշխատես»: Կուսակցությունը մասնակցելու է ընրություններին, թե՞ ոչ` կուսակցության նախագահն ասաց. «Իհարկե մասնակցելու ենք, ես չեմ ուզում, որ մեր կուսակցությունը միանա որեւէ կուսակցության, բայց եթե կուսակցությունը ստեղծվել է, պիտի շոշափելի ազդեցություն ունենա, եթե դու ինքնուրույն չես մասնակցելու, ուրիշի դեմքով ես հանդես գալու, էտա գնա էտ կուսակցությունում անդամ դարձի, դրանք թիթեռնիկի կյանք են ունենում»: Պարոն Ղազարյանը նշեց նաեւ իրենց կուսակցության քաղաքական դիրքորոշումը. «Մենք մի անգամ հայտարարել ենք, որ մենք քծնանքը չենք ընդունում, որեւէ օլիգարխի անձնական շահերը չենք պատրաստվում պաշտպանել, այսօր չկա որեւէ դաշտ, որին մենք հարում ենք, մենք նրա կողմ ենք, ով ինչ ասում է, դա էլ իրական է դարձնում: Մենք դեռ պրպտումների մեջ ենք, բայց հստակ նպատակ, խնդիրներ ու ծրագրեր ունենք»: Կուսակցությունն այսօրվա դրությամբ ունի 3015 անդամ, որոնց թվում են ազատամարտիկներ, որոնք ժամանակին պայքարել են հայրենիքի համար: «Գոյամարտ» համազգային կուսակցության նախագահը վերջում հավելեց. որ «Արդեն մարդն ամաչում է խոսել էս պայմանների, ժողովրդի աշխատավարձերի մասին, իսկ էս թանկացումները տանում են ապստամբության, որից կօգտվեն հակառակորդ երկրները, պետք է հաշտության եզրեր գտնել, ո՛չ թե ուրախացնել մեր թշնամիներին»: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԻԹԵՌՆԻԿԻ ԿՅԱ՞ՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ