ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ` ՆԱԽՈՐԴ ԽԱՅՏԱՌԱԿ ԾՐԱԳՐԻՑ ԿՏԱՐԲԵՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայերը կարտագաղթեն այնքան ժամանակ, մինչեւ ՀՀ-ում կենսակերպ ապահովելու հնարավորություն եւ իրավահավասարություն չգտնեն: Պատգամավորի գնահատմամբ` Հայաստանում մարդիկ պատրաստ են ապրել անգամ չնչին հեռանկարով ու հույսով, սակայն այսօր մարդիկ հեռանում են, քանի որ չկա այդ հույսն ու հեռանկարը:

-Պարոն Ուրիխանյան, ԲՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում կառավարության՝ արդեն իսկ ուրվագծված կազմին: Արված նշանակումները գոհացնո՞ւմ են ԲՀԿ-ին:
-Պետք է կառավարությունը ձեւավորվի, որպեսզի տեսակետ հայտնենք: Իսկ երկրորդն էլ` տեղյակ եք, որ ՀՀ կառավարությունը կձեւավորվի եւ կգործի, երբ որ կհաստատվի ՀՀ կառավարության ծրագիրը: Հետեւաբար` անհամբերությամբ սպասում ենք այդ ծրագրին: Ես անձնապես հույս ունեմ, որ այն նախորդ խայտառակ ծրագրից էապես կտարբերվի:
-Տեսակետ կա, որ նոր կառավարությունը ձեւավորվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «կադրերով»: Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր աշխատել են Ռ. Քոչարյանի նախագահության տարիներին, վերադառնում են գործադիր մարմին: Ինչով եք Դուք դա բացատրում:
-Այստեղ ես պետք է նշեմ խիստ անձնական տեսակետ: Ռոբերտ Քոչարյանը հանրապետության նախագահ է եղել 10 տարի, իսկ այդ 10 տարվա ընթացքում տարբեր բարձր պաշտոններում աշխատել են Սերժ Սարգսյանը, Կարեն Ճշմարիտյանը, Դավիթ Հարությունյանը եւ այլք, այսինքն` սրա բացատրությունը կադրային լուծումներով պետք է գտնեք: Իսկ լավ է, թե վատ, դա իմ կոմպետենտության հարցը չէ: Իմ մեջ տեսնում եմ հնարավորություն այս կամ այն պաշտոնյայի գործունեության հետ կապված որակում տալու առումով միայն մեկ դեպքում՝ մեկ հարթության վրա` ՀՀ քաղաքացու կյանքը լավանում է, թե վատանում: Համակարգում համապատասխան ոլորտում փոփոխություններ կան, թե չկան: Արդյունավե՞տ է աշխատում այս կամ այն ֆիզիկական անձը, թե՞ անարդյունավետ: Մեզ համար բացարձակապես միեւնույն է, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում, մենք կարեւորում ենք աշխատանքը:
-ԲՀԿ-ն մշտապես աչքի էր ընկնում նախկին կառավարության եւ հատկապես ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի քննադատությամբ: Պատրա՞ստ եք քննադատել նոր կառավարության աշխատանքը, եթե այն ԲՀԿ-ի «սրտով» չլինի:
-Ուզում եմ ճշգրտել, որ ԲՀԿ-ն քննադատել է այն սոցիալ-տնտեսական վիճակը, որը ստեղծվել է ու աստիճանաբար այս տարիների ընթացքում վատթարացել է: Եվ դա իրականացվել է նշված կառավարության գործունեության արդյունքում: Ես եղել եմ Տիգրան Սարգսյանի առաջին քննադատներից մեկը՝ դեռեւս 2009 թվականներից, բայց մշտապես քննադատել ենք ոչ թե նրա բոյն ու բուսաթը (կներեք ժողովրդական առօրյա խոսակցական բառերով արտահայտվելու համար), այլ նրա գործելաոճը: Նորից եմ կրկնում՝ մեզ բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ ֆիզիկական անձ է այս կամ այն պաշտոնին: Ինձ հետաքրքրում է, թե նա ինչ է անում, որպես պաշտոնյա, երկի համար: Եթե մենք դեմ ենք միլիոնավոր դրամներով բիոզուգարանների գնմանը, որոնք աշխատել են ընդամենը մեկ օր ու երկու տարի չեն աշխատեցրել, իսկ այժմ էլ ուզում են երրորդը բերել, բնական է՝ ես պետք է ասեմ՝ դա հիմարություն է: Կամ դրա տակ թաքնված է ինչ-որ մի երեւույթ, որով պետք է զբաղվեն պատկան մարմինները: Հիմա ես այս պարագայում ինչպես կարող եմ չհուսալ, որ ՀՀ ֆինանսների նախարարը կփոխվի:
-Իսկ ինչպե՞ս է ԲՀԿ-ն վերաբերվում ՌԴ միգրացիոն օրենսդրությունում արված վերջին փոփոխությանը, համաձայն որի՝ նախկին ԽՍՀՄ տարածքում ծնված, ռուսաց լեզվին լավ տիրապետող անձանց՝ իրենց երկրների քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում երեք ամսում տրվում է ՌԴ անձնագիր ստանալու հնարավորություն: Արդյոք ԲՀԿ-ն պատրաստվում է քայլեր ձեռնարկել` դրա հետեւանքով Հայաստանից քաղաքացիների արտահոսքը կանխելու համար:
-Հայերը միշտ են արտագաղթելու, անկախ նրանից, թե որ երկիրն իրենց ինչ հնարավորություն կընձեռի, անկախ խոչընդոտներից ու դժվարություններից. ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ սեփական երկրում չեն ունենա առաջինը՝ գոնե կենսակերպ ապահովվելու հնարավորություն, իսկ երկրորդն էլ՝ իրավահավասարություն: Մարդիկ ՀՀ-ում պատրաստ են ապրել պարզապես հեռանկարով, եթե գոնե դրա պոչը տեսնում են: Հեռանկարի եւ հույսի բացակայությունն է, որ ստիպում է մարդկանց գնալ: Իսկ եթե մի օր մի երկիր որոշի բացարձակապես անխոչընդոտ ընդունել բոլոր այլ երկրների քաղաքացիներին ու նրանց տրամադրել մեկական առանձնատուն ու թոշակ, ապա բոլորն էլ կգնան: Իսկ դրա համար պետք է սեփական երկրում ստեղծել պայմաններ, որ մարդիկ չփախնեն: Իհարկե ԲՀԿ-ն այդ առումով քայլեր ձեռնարկում է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԵՐՐՈՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ «հրաշալի քառյակ»-ում ՕԵԿ-ին ընդունելու հարց չի դրվել:

-Պարոն Զուրաբյան, ԱԱԽ քարտուղարն այսօր հրաժարական տվեց եւ ՕԵԿ-ը դարձավ ընդդիմություն: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:
-Դա ինձ համար շատ մանր հարց է, եւ կարծում եմ, որ ավելի լուրջ խոսակցության թեմաներ կան:
-Այսինքն` ՕԵԿ-ի՝ ընդդիմություն դառնալը շատ փոքր հարց եք համարո՞ւմ:
-Այո, համարում եմ, որ այսօրվա կարեւոր քաղաքական գործընթացներում դա շատ անկարեւոր հարց է:
-Իսկ համագործակցության եզրեր կարո՞ղ են լինել:
-Ո՞ւմ հետ:
-ՕԵԿ-ի:
-Դա մեզ համար երկրորդական թեմա է այս գործընթացի մեջ, ես չեմ կարծում, որ դրա համար կարելի է ժամանակ ծախսել կամ դա կարող է որեւէ մեկի ուշադրությունը գրավել:
-Իսկ քառյակը կընդունի՞ ՕԵԿ-ին:
-Ոչ ոք նման հարց չի դրել:
-Այսինքն՝ կարելի՞ է կարծել, որ Քառյակի դռները ՕԵԿ-ի համար փակ չեն:
-Դուք անդրադառնում եք հարցերի, որոնք ինձ համար շատ երրորդական, չորրորդական հարցեր են եւ ես չեմ ցանկանում կենտրոնանալ այդ հարցերի վրա:

Զրուցեց ՏԻՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 

 

ԲՈՒԼԿԻՆ` ԺԱՄԿԵՏԱՆՑ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին ՀՀ բնապահպանության նախարարությունում իսկական քեֆ-ուրախություն է տիրում: Բանն այն է, որ նախարարության աշխատակիցները երկար ժամանակ է, ինչ անհամբեր սպասում էին ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանի (Բուլկի) պաշտոնանկությանը, որն, ի վերջո, հաստատվել է: Ու անգամ նախարարության աշխատակիցները միմյանց «բուլկի» են «մաղարիչ» անում, որ, ի վերջո, պրծնում են Ա. Հարությունյանի «կայսրությունից»: Հատկանշական է, որ նախարարության աշխատակիցներն իրենց ուրախության մեկնարկը տվել են այն ժամանակ, երբ Ա. Հարությունյանը սկսել է հավաքել իր աշխատասենյակի իրերը: Տեսնելով դա, աշխատակիցները արդեն հաստատ հավատացել են, որ նախարարն իսկապես հեռանում է: Նշենք, որ Ա. Հարությունյանին այդ պաշտոնում փոխարինելու է Արարատի մարզպետ, «Ավշար»-ի սեփականատեր Արամայիս Գրիգորյանը:

 

ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ ՊՐԾՈՒՄ ՉԿԱ
Armlur.am-ի միջոցով, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի համայնքների ղեկավարները նամակ են փոխանցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նամակում, մասնավորապես, նշված է. «Խնդրում ենք ժամանակավրեպ համարել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մինչեւ ս/թ մայիսի 15-ը տեղական գանձապետական բաժինների գործառույթները համայքներին վերապահելու մասին որոշումը»: Վարչապետին ուղարկած դիմում-խնդրանքին իրենց ստորագրությամբ միացել է ավելի քան 28 համայնքի ղեկավար:

 
ԱՇՈՏՅԱՆԸ ՀԱՆՁՆՈՒՄ Է
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը մի քանի օր առաջ արդեն սկսել է իր աշխատասենյակի իրերը հավաքել: Բանն այն է, որ Ա. Աշոտյանը տեղյակ է, որ ինքը չի վերանշանակվելու նախարարի պաշտոնում, ինչի համար էլ նախապատրաստվել է: «Ժողովուրդ»-ը փորձեց Արմեն Աշոտյանից պարզել՝ արդյոք արդեն հավաքել է իր անձնական իրերը. «Ես մասնակցել եմ համաքաղաքային շաբաթօրյակին, ինչպես քաղաքի տեսանելի վայրերում, այնպես էլ անտեսանելի, ինչպիսին իմ աշխատասենյակն է, այն մաքրված է ավելորդ թղթերից, գույքագրվել է ամբողջ իմ գրադարանային ֆոնդը, մի մասը նվիրաբերել եմ Արդարադատության նախարարությանը՝ գաղութների գրադարանների համար, ու շարունակում ենք աշխատել նախագահի տրված հանձնարարականներով. այն է՝ նախարարների ժամանակավոր պաշտոնակատարները պարտավոր են կատարել իրենց պարտականությունները մինչեւ վերջ»:

 

«ՖԵՅՔԵՐ»-Ի ՕՐԵՆՔԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը երեկ վարում էր ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Հանձնաժողովի նախկին նախագահ Դավիթ Հարությունյանի՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո դեռեւս պարզ չէ, թե ով է ղեկավարելու հանձնաժողովը: Ներկայումս այդ պարտավորություններն իր վրա է վերցրել հանձնաժողովի նախագահի տեղակալ Հ. Մարգարյանը, որին կարծես թե շատ էր երջանկացրել այդ «աթոռը» զբաղեցնելը, չնայած այն բանին, որ ՕԵԿ-ն արդեն ընդդիմություն է եւ հրաժարվել է «աթոռներ» զբաղեցնելուց: Նիստի ժամանակ որոշվեց հետաձգել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու ժամկետը մինչեւ մեկ տարով: Հիշեցնենք, որ այս օրինագիծը, որը ստացել է «ֆեյքերի դեմ պայքարի մասին» անվանումը, լուրջ քննադատության էր արժանացել ԶԼՄ ներկայացուցիչների կողմից:

 

ՈՉ ՖԻՆԱՆՍ ԿԱ, ՈՉ ՆԱԽԱՐԱՐ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ում չեն կարողանում կողմնորոշվել ՀՀ ֆինանսների նախարարի թեկնածության հարցի շուրջ: Նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը պատրաստվում է իր կարիերան շարունակել քավորի հետ համատեղ, ինչպես եղել է նախկինում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում մտադիր են՝ որեւէ նոր մարդ չգտնելու դեպքում նշանակել ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանին, ով երկար տարիներ աշխատում է համակարգում եւ համարվում է ոլորտի պրոֆեսիոնալ:




Լրահոս