ՀՀԿ-ականի որդին՝ ԵՏՀ նախարար կոլեգիայի անդամի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլոգիայի անդամ: Այդ պաշտոնում են նշանակվել նաև ՀՅԴ-ական Արա Նռանյանը, ինչպես նաև Կարինե Մինասյանը:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ ԵՏՄ Բարձրագույն խորհրդի համապատասխան որոշումները հրապարակված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքում:

Նշենք, որ Ռ. Հարությունյանը  մինչ այս նշանակումը զբաղեցնում էր Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրենի պաշոնը:  Հիշեցնենք նաև, որ անցած տարի անգամ խոսակցություններ էին շրջանառվում, թե Ռ. Հարությունյանը կնշանակվի Էկոնոմիկայի փոխնախարար, և որ այդ նախարարությունում նրա համար փոխնախարարի պաշտոն պետք է ազատվի:

Արա Նռանյանը Դաշնակցություն կուսակցության անդամ է և անցած գումարման խորհրդարանում պատգամավոր է եղել:

Կարինե Մինասյանը համարվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերից մեկը, ով կառավարությունում տարբեր փոխնախարարների պաշտոններ է զբաղեցրել: Տ. Սարգսյանի հրաժարականից հետո նա նույնպես հրաժարական էր տվել և նշանակվել Սերժ Սարգսյանի խորհրդականը:

ԵՏՄ Բարձրագույն խորհրդի մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանի կողմից ԵՏՄ դատարանի անդամ են նշանակվել Արմեն Թումանյանը և Էռնա Հայրիյանը: Բացի դրանից՝ համաձայնեցվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ և միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի թեկնածությունը՝ որպես ԵՏՀ Խորհրդի անդամ: Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել հունվարի 2-ին:

 




Լրահոս