Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր տեղի ունեցավ Կառավարության՝ այս տարվա առաջին նիստը: Նիստի սկզբում Հովիկ Աբրահամյանի առաջարկով՝ կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին Գյումրիում դաժան սպանության զոհ դարձած ընտանիքի հիշատակը:
Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ ինքը կառավարության անդամներից ակնկալում է ավելին, քան կա:
«Ակնկալում եմ նախաձեռնողականություն, սրտացավություն և նախանձախնդրություն: Մենք ունենք շատ խնդիրներ, և յուրաքնաչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է ոչ թե թղթին հանձնված իր ծրագրի, այլ՝ իր ոլորտի տնտեսական աճի, ստեղծված արդյունքի, զբաղվածության, հարկերի համար»,-նշեց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը ընդգծեց, որ նախաձեռնողականության հետ մեկտեղ՝ ակնկալելու է որակ և, ամենակարևորը, կարգապահություն: «Հում, չմշակված փաստաթղթեր մեզ անհրաժեշտ չեն, լինելու եմ խստապահանջ, և նախապես մանրամասն չքննարկված փաստաթղթերին ընթացք չի տրվելու: Մենք պետք է արդյունք ապահովենք և ժողովուրդը մեր աշխատանքի արդյունքները պետք է տեսնի»,- եզրափակեց նա: