Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ապրիլի 24-ը Դարդանելի (Չանաքքալեի) պատերազմում Թուրքիայի տարած հաղթանակի 100-ամյակի օր հռչակելը հակաքայլ է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին: Armlur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որում Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել:
«Ինչպես միշտ, թուրքական իշխանությունները խեղաթյուրում են անցյալը: Ապրիլի 24-ին Դարդանելի ճակատամարտի հաղթանակի օրը չէ: Այդ ամենն արվում է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները ստվերելու համար:
Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է պատասխաներ, նրա այս քայլը դիվանագիտական տեսանկյունից ճիշտ էր»,- նշեց թուրքագետը՝ հավելելով. «Մենք նախադեպ ունենք, երբ 2005 թվականին Էրդողանը նամակ գրեց Ռոբերտ Քոչարյանին, և նա մի քանի օր հետո պատասխանեց, թուրքական կողմը մինչև հիմա ստում է և ասում, որ պաշտոնական Հայաստանը չի պատասխանել իրենց նամակին: Կարծում եմ, որ պետք չէր լռել»:
Թուրքագետի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի պատասխան նամակի բովանդակությունն ըստ էության արտահայտում է իրականությունը, և նախագահների միջև «պրատակոլությունը» պահպանված է: