Իջեւան քաղաքում 86-ամյա Կոլյա Ամիրխանյանին ճանաչում են որպես սկզբունքային մարդու, որը չի հանդուրժում կեղծիքն ու անօրինականությունը: Նա 1943թ.՝ 17 տարեկան հասակում, կամավոր մեկնել է ռազմաճակատ, Արեւմտյան Բելառուսում մարտերի ժամանակ 3 անգամ վիրավորվել:
Չնայած իր տարիքին՝ վետերանն այսօր էլ եռանդուն է: Նա «Ժողովուրդ»-ին դժգոհեց իր նկատմամբ կատարված անօրինականությունից: 2010թ. ուժեղ կարկուտից եւ փոթորկից Իջեւանում բնակարաններ են տուժել, այդ թվում՝ Անկախության փողոցի 6-րդ եռահարկ շենքը, որտեղ բնակվում է Կ. Ամիրխանյանը: Նա Իջեւան քաղաքում առաջիններից է, որը դեռեւս 1991թ. սեփականաշնորհել է իր 3-սենյականոց բնակարանը:
«Կարկուտից եւ փոթորկից ջարդված մեր շենքի տանիքը նորոգման խիստ կարիք ուներ, ջուրը լցվում էր տանիքի տակ գտնվող իմ բնակարան: Սակայն տանիքը նորոգող չկար, շենքի բնակիչներն էլ կարիքավոր են, դրա համար գումար չունեն: Ես իմ անձնական միջոցներով 2 փուլով՝ 2010թ. եւ 2011թ. նորոգել եմ ոչ միայն մեր շքամուտքի, այլեւ ողջ շենքի տանիքը: Շիֆերից ծածկի փոխարեն տեղադրել եմ թիթեղյա ծածկ, դրանց տակ տախտակներ եմ դրել, ջրհորդաններ տեղադրել եւ այլն: Այս նպատակով ծախսել եմ շուրջ 650 հազար դրամ»,-ասում է վետերանը՝ ցույց տալով տանիքի նորոգման համար իր կողմից թիթեղի գնման 208 հազար դրամի հաշիվ-անդորրագիրը, եւ հավելում, որ մնացած ծախսերի փաստաթղթերը տանն են:
Ամիրխանյանն իր կատարած ծախսերի վերաբերյալ փաստաթուղթ ստանալու համար դիմել է Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին, վերջինս էլ շենք է գործուղել «Իջեւանի բնակարանային կոմունալ տնտեսության» տնօրեն Սիրակ Աղասարյանին, որը եկել-տեսել է նորոգված տանիքը, սակայն հրաժարվել է Ամիրխանյանին համապատասխան փաստաթուղթ տալ, որով նրա կատարած ծախսերը կհամարվեն որպես մուծված կոմունալ վճար: Իջեւանցի վետերանն ասաց, որ 8 տարի առաջ 28.000 դրամ՝ որպես սպասարկման վարձ է մուծել «Իջեւանի բնակարանային կոմունալ տնտեսությանը» եւ ունի դա հավաստող փաստաթուղթ: Նա այդ գումարը մուծել է որպես փաստացի չկատարված սպասարկման գումար: Մուծել է, քանի որ այդ ժամանակ իր կինը կենդանի էր, իրենք էլ ընտանեկան նպաստ էին ստանում, սոցիալական ծառայություն ներկայացնելու համար կոմունալ տնտեսության հիմնարկությունից տեղեկանք էր պահանջվում:
Ամիրխանյանը շատ է զայրացել, երբ փոստով նամակ է ստացել «Իջեւանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՓԲԸ սնանկության գծով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանից, որը հայտնել է, թե 2012թ. հունիսի 1-ի դրությամբ նրա պարտքն Իջեւանի բնակարանային կոմունալ տնտեսությանը կազմում է 4600 դրամ: Սնանկության գծով կառավարիչը պատերազմի վետերանին հայտնել է, որ նրա վճարումից է կախված պետբյուջեին այդ հիմնարկության ունեցած պարտքի մարումը եւ առաջարկել է 10-օրյա ժամկետում գումարը վճարել «Անելիք» բանկի Արաբկիրի մասնաճյուղի համապատասխան հաշվեհամարին, այլապես հարցը կլուծվի դատական կարգով:
Նշենք, որ Իջեւանի նախկին քաղաքապետ Վ. Ներսիսյանի պաշտոնավարման ժամանակ «ընդունված երեւույթ» էր, երբ քաղաքի սպասարկման ոլորտի տարբեր հիմնարկություններ, պարտքեր գոյացնելով, սնանկանում էին: Ամիրխանյանը մտադիր է այցելել Իջեւանի քաղաքապետարան եւ իր արած ծախսերի համար համապատասխան փաստաթուղթ պահանջել:
86-ԱՄՅԱ ՎԵՏԵՐԱՆԻ «ՊԱՐՏՔԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ