ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՐԽԻՎԸ՝ ԱՆՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիպասան, դրամատուրգ, նկարիչ Աղասի Այվազյանի տուն-գրադարան-թանգարանի ստեղծման անհրաժեշտության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Օրեր առաջ էլ արվեստագետի այրին՝ Գրետա Այվազյանը, բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հերթական անգամ բարձրաձայնելով համապատասխան տարածքի տրամադրման չլուծված խնդրի մասին:

«…Իհարկե, ես գիտեմ, որ տարածքի տրամադրումը ոչ թե մշակույթի նախարարության, այլ քաղաքաշինության նախարարության եւ պետգույքի կառավարման վարչության իրավասության ներքո է, սակայն Աղասի Այվազյանի տուն-գրադարան-թանգարանի ստեղծման մասին իմ՝ Ձեզ ուղղված խնդրանքի պատասխանը նորից ստացա մշակույթի նախարարությունից: Մի՞թե նրա ստեղծագործական ժառանգությունը՝ արխիվ, նկարներ, գրադարան, ինձանից հետո այդպես էլ կմնան անհայտության մեջ…»,-ասված էր նամակում:
Տիկին Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց հատկապես Աղասի Այվազյանի գրադարանի, նկարների հետագա ճակատագրի վերաբերյալ. «Դրանք ավտոտնակում արդեն փչանում են, բացի այդ՝ ամուսնուցս պահած շատ տարբեր իրեր ունեմ, որոնք եւս ցուցադրման արժանի են»,-ասաց նա:
Այվազյանի այրին ցավում է, որ հիմա հանրությունը գրողի գործերին ծանոթ չէ, գաղափար չունի նրա մեծության մասին. «Ռուսներն ասում են՝ կցՔՍՌվ-վՈՔպ Չրպ, հավատացեք՝ Աղասի Այվազյանն էլ մեր ամեն ինչն է, եթե հաշվի առնենք, որ նա գրել է հեքիաթներ, պատմվածքներ, նովելներ, վեպեր, ամեն ինչ… Շուտով կնշենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, իսկ նա Եղեռնի թեմայով այնպիսի շշմելու գործեր ունի… Նա ունի նյութեր, որոնց հիման վրա կարելի է ֆիլմեր նկարել, օրինակ՝ Ալեքսանդր Թամանյանի մասին… Չեն ճանաչում, չեն գնահատում»,-ցավով նշեց գրողի այրին:
Նրա խոսքով՝ ինքը բազմիցս տուն-գրադարան-թանգարանի ստեղծման խնդրով դիմել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, սակայն ապարդյուն. «Դե, մարդ ինքը պետք է կարդա, իմանա, սիրի տվյալ հեղինակին, որ նրան առնչվող խնդրով էլ զբաղվի»,-նկատեց նա:
Այվազյանի այրին նույն հարցով դիմել է նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, սակայն այս դեպքում եւս խնդրի լուծման կոնկրետ տարբերակներ չեն նախանշվել.«Արդեն հոգնեցրել եմ, այնքան եմ նույն հարցը բարձրացրել, բա ի՞նչ անեմ, 70-ն անց կին եմ, ես գնալու եմ, բայց Աղասի Այվազյանը պետք է մնա, ինչո՞ւ նրա անունը կորչի, մնա անհայտության մեջ…»,-ասաց նա:
ՀՀ քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանի խոսքով՝ թանգարանի ստեղծման հարցը նախարարության գործառույթների մեջ չի մտնում: «Նարեկ Սարգսյանը դրանով մտահոգված է եղել դեռեւս Երեւանի գլխավոր ճարտարապետ եղած ժամանակ, ընդ որում՝ նա վերաբերվում է Աղասի Այվազյանին ոչ միայն որպես արվեստագետի, այլեւ մի անձի, ում հետ ինքն անձնական շփում, ջերմ հարաբերություններ է ունեցել: Վստահեցնում ենք, որ խնդրով միայն Աղասի Այվազյանի կինը չէ, որ մտահոգված է: Պարզապես տարածք տրամադրելը մի օրվա, այսօրվա ու վաղվա լուծելու խնդիր չէ»,-հավաստիացրեց նա:
Քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղարը նաեւ հարկ համարեց նշել, որ Նարեկ Սարգսյանը մտահոգված է նաեւ բազմաթիվ այլ մշակութային օջախների տարածքների հետ կապված խնդիրներով: «Նախարարը Այվազյանի թանգարանի ստեղծման հետ կապված գաղափարներ ունի, սակայն դրանք ենթակա են մշակույթի նախարարության, Կառավարության հետ քննարկման»,-պարզաբանեց նա:
Այդ գաղափարները կյանքի կկոչվե՞ն արդյոք, եթե լավատես լինենք ու հավատանք դրան, ապա ե՞րբ սպասենք Աղասի Այվազյանի տուն-գրադարան-թանգարանի ստեղծմանը, քանի՞ տարի հետո… Այվազյանի այրին ափսոսում է, որ գալիք սերունդները թանգարանի միջոցով արվեստի վաստակավոր գործչին ճանաչելու հնարավորությունից կարող են զրկվել: Նա հիշում է՝ մահանալուց առաջ Աղասի Այվազյանն իրեն ասել էր. «Գրետա՛, քեզ թվում է, թե դու ինձ գիտես, բայց դու էլ դեռ ծանոթ չես ինձ, երբ գործերս կարդաս, այն ժամանակ էլ ինձ կճանաչես…»:

 

 

 

 
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԻՏՂՈՍԸ ԼԱՎ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՆ Է»

«Միսս Հայաստան 2002» տիտղոսը կրող Անյա Մովսեսյանը, ով ամիսներ առաջ հաղթանակներով վերադարձավ Չեխիայում կայացած «Miss Princess of the world 2014» մրցույթից, պատրաստվում է ապրիլին Դոմինիկյան Հանրապետությունում կայանալիք «Միսս Հազարամյակ» մրցույթին: Անյան «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է իր ծրագրերի, գեղեցկության մասին պատկերացումների եւ այլ թեմաների շուրջ:

-Առջեւում «Միսս Հազարամյակ»-ն է, ի՞նչ սպասելիքներ ունեք այս մրցույթից եւ, առհասարակ, ո՞րն է ամենացանկալի տիտղոսը, որին ձգտում եք:
-Ցանկացած նման մրցույթի մասնակցելիս առաջնահերթ կարեւորում եմ ոչ թե իմ անձնական հաղթանակը, այլ այն հանգամանքը, որ որպես հայուհի լավ ներկայանամ արտերկրում եւ բարձր պահեմ երկրիս պատիվը: Այս ոգով ինձ դաստիարակել են իմ ծնողները, ովքեր արեցին ամեն բան, որ Ռուսաստանից վերադառնանք հայրենիք: Իսկ որեւէ տիտղոս ունենալ-չունենալն ինձ համար սկզբունքային հարց չէ. լավագույն տիտղոսը լավ մարդ լինելն է:
-Ո՞վ է Ձեզ համար գեղեցիկ կինը, եւ ո՞րն է գեղեցկության չափանիշը:
-Գեղեցկության մրցույթները շատ լավ հնարավորություն են տալիս տեսնել գեղեցիկ կնոջն ամենատարբեր ազգերի շրջանում ու հասկանալ, որ ամեն կին գեղեցիկ է յուրովի… Իսկ, առհասարակ, գեղեցկության չափանիշն ինձ համար կանացի եւ խնամված լինելն է:
-Խաղացել եք գեղարվեստական ֆիլմում, սերիալում, նկարահանվել գովազդներում եւ տեսահոլովակներում: Նկարահանվելը Ձեզ համար հոբբի՞ է, դրան գնացել եք զուտ կոմերցիոն նպատակո՞վ, թե՞ ուրիշ պատճառ կար:
-Ես սիրում եմ տեսախցիկը, ու այնքան ժամանակ, քանի դեռ պահանջված կլինեմ, անպայման կներկայանամ այս ասպարեզում: Նկարահանվելիս, անկեղծ ասած, կոմերցիոն քայլի մասին չեմ մտածել, բայց ինքնըստինքյան այդ գործոնն էլ իր դերը խաղացել է: Սակայն դրան զուգահեռ չեմ դադարի ստանալ կրթություն, իսկ մասնագիտությունս կառավարումն է:
-Իսկ ի՞նչ նախասիրություններ, ինչո՞ւ ոչ՝ նաեւ թուլություններ ունեք:
-Սիրում եմ զբաղվել լողով, պարով, թեթեւ ատլետիկայով, առանձնակի «թուլություն» ունեմ մեքենաների նկատմամբ:
-Չե՞ք վախենում, որ Ձեր ընկերը հետագայում կզրկի Ձեզ բեմում հանդես գալու հնարավորությունից, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայ տղաներն այդ հարցում բավական պահպանողական են…
-Ես իմ կողքին տեսնում եմ խելացի, լայն աշխարհայացքով, հումորով տղայի, ուստի հուսով եմ, որ նա այդչափ պահպանողական չի գտնվի (ծիծաղում է)…

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ՍԻՐԱՅԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ
Սոս Ջանիբեկյանը, Էթերի Ոսկանյանը, Անժելա Սարգսյանը, Հարություն Մովսիսյանը, Սոֆի Դեւոյանը, Սարգիս Գրիգորյանը եւ այլք շուտով կներկայանան նոր՝ «Բախտաբեր» հեռուստանովելում, որը եթեր կհեռարձակվի USArmenia-ով: Ֆիլմը հասանելի կլինի նաեւ հայաստանաբնակ հեռուստադիտողներին, սակայն ժամկետներն առայժմ հայտնի չեն:
ESem.am-ի հետ զրույցում հեռուստանովելի ռեժիսորը պատմել է, որ հեռուստասերիալի հիմքում ընկած է սիրային եռանկյունի, դրա հերոսներին մարմնավորում են Սոսը, Էթերին եւ Սարգիսը: Սերիալը երկարատեւ կլինի: Ռեժիսորի փոխանցմամբ՝ իրենք նախատեսում են նկարահանումներ անել նաեւ ԱՄՆ-ում:

 

«ՆԻՄՖՈՄԱՆՈՒՀԻՆ» ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
Դանիացի հռչակավոր կինոռեժիսոր Լարս ֆոն Տրիերի «Նիմֆոմանուհին» սկանդալային էրոտիկ ֆիլմը դարձել է Դանիայի կինոակադեմիայի «Ռոբերտ» մրցանակի՝ 2014 թվականի գլխավոր դափնեկիրը: Այս մասին հայտարարվել է Կոպենհագենի «Տիվոլի» հյուրանոցում կայացած միջոցառմանը:
«Նիմֆոմանուհին» նկարագրում է 50-ամյա կնոջ սիրային ապրումները: Նրան մարմնավորում է ֆրանսուհի Շառլոտա Գենսբուրը: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Ումա Թուրմանը, Ուիլեմ Դեֆոն, Շայա Լաֆաբը: «Նիմֆոմանուհին» ներկայացվել էր 29 անվանակարգերից 16-ում եւ արդյունքում ստացել 8 «Ռոբերտ» արձանիկ:

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ
Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը հրաժարվել են Բենեդիկտ Քամբերբեթչի՝ նույնասեռականների աջակցությանն ուղղված ակցիայից: The Independent-ի փոխանցմամբ՝ դերասանը կոչ է արել ներում շնորհել նույնասեռականության մեջ մեղադրված 49 հազար բրիտանացիներին:
Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը նշել են, որ նման արարողություններին պետք է մասնակցի կառավարությունը, եւ ոչ թե՝ իրենք:
Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը սկսվել էր «Իմիտացիոն խաղ» ֆիլմի ցուցադրությունից հետո, որի շրջանակում Քամբերբեթչը մարմնավորել էր գլխավոր հերոսին՝ նույնասեռական Ալան Թյուրինգին: Վերջինիս մեղադրել էին նույնասեռականության մեջ եւ քիմիական կրտման ենթարկել, որից հետո Թյուրինգն ինքնասպան էր եղել: Այդ դեպքից հետո Էլիզաբեթ 2-րդը հետմահու ներում էր շնորհել նրան: Քամբերբեթչն այն կարծիքին է, որ այս փաստը պետք է օրինակ լինի, որպեսզի Մեծ Բրիտանիայի մյուս քաղաքացիներին եւս ներում շնորհվի: Նրա խոսքով՝ նույնասեռականության մեջ մեղադրվող 49 հազար բրիտանացիներից 15 հազարը ողջ է եւ արժանի համաներման:




Լրահոս