ՀՅԴ-ն Գյումրիում իր թեկնածուն կառաջադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դաշնակցության Շիրակի մարզային կոմիտեն այսօր պաշտոնապես հայտարարեց, թե որ համայնքներում է թեկնածուներ առաջադրելու սեպտեմբերի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Ըստ այդմ` ՀՅԴ-ն թեկնածուներ կառաջադրի 11 համայնքներում եւ մեկ համայնքում կսատարի անկուսակցական թեկնածուին:
Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Դաշնակցությունը առաջադրելու է Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը: Այս որոշումը երեկ ընդունել է ՀՅԴ Գյումրիի կառույցի ներկայացուցչական ժողովը:
Սիմոնյանը Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալն է: Նա առաջադրվել էր նաեւ 2005 թվականի քաղաքապետի ընտրություններում, սակայն ինքնաբացարկ էր ներկայացրել:
,Մենք ինքներս գնալու ենք մինչեւ վերջե, -“Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հովսեփ Սիմոնյանը: – “Այս ընթացքում որեւէ խնդիր, որեւէ մեկ բան չի կարող մեզ կաշկանդել կամ հետ պահել”:
Գալիք ընտրությունների շուրջ ստեղծված լարվածությունը Դաշնակցության թեկնածուն բնական է համարում. – “Պետք է լարված լիներ: Գաղտնիք չէ, որ կա նախագահական ընտրություններ: Իմ կարծիքով, այն, որ շատ կարեւորվում է այսօր Գյումրիի ՏԻՄ ընտրությունները, ցավոք սրտի, կապված է նաեւ նախագահականի հետ: Եվ դա խանգարում է իրականում տեղական ինքնակառավարման մարմիններում մեր բնակչության ավելի ճիշտ մոտեցմանը եւ իր ընտրությունը ավելի ճիշտ անելուն”:
Աղբյուրը` “Ազատություն” ռադիոկայան




Լրահոս