ԱՂՋԻԿՆԵՐԻ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ մայիս ամսին համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երեւում էր, որ Աջափնյակի թիվ 102 դպրոցի աղջիկները միմյանց ծեծում են: ՀՀ ոստիկանության քննիչները որոշել են, որ աղջիկների արարքում հանցակազմ չկա, դրա համար էլ քրեական գործն այս տարվա հուլիսի 14-ին կարճվել է:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2010-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, սակայն համացանցում այն հայտնվել էր 2012-ի մայիսին: Ինչպես տեղեկացրել էինք, տեսանյութում ծեծվող աղջիկը` Ք. Պ.-ն, անցյալ տարի դուրս էր եկել դպրոցից, որովհետեւ ամիսներով բացակայել էր դասերից: Անգամ բացակաների պատճառով մնացել էր նույն դասարանում: Դրա համար էլ 16 տարին լրանալուց հետո մայրը դիմում էր գրել եւ դպրոցից վերցրել գործերը: Ըստ մեր տեղեկությունների՝ ծեծվող աղջիկը, որը դպրոցից վաղաժամ դուրս էր եկել, դայակ է աշխատել: Հիմա նրանից ոչ ոք տեղեկություն չունի: Իսկ ծեծող աղջիկը` Մ. Ե.-ն, այս տարի ավարտել է դպրոցը: Վերջինս դասերին նորմալ հաճախել է, աշխույժ, ակտիվ երեխա է եղել, բայց թույլ սովորող:
Մամուլում եղած տեղեկությունների համաձայն՝ աղջիկներն իրար ծեծել են ինչ-որ տղայի պատճառով: Թեեւ լուրեր կային, որ վիճաբանությունը ծագել է աղջիկներից մեկի մորը վիրավորելու համար:
«Ժողովուրդ»-ն օրեր առաջ զրուցեց Աջափնյակի թիվ 102 դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանի հետ, որը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանի կողմից  խիստ արգելվել է որեւէ լրատվամիջոցի տեղեկություն տրամադրել այս թեմայով: «Քանի որ համացանցում տեսանյութի հայտնվելուց հետո այդ աղջիկը (ծեծողը) հոգեկան ապրումների մեջ էր ընկել: Դրա համար էլ այդ թեման փակվեց, որպեսզի երեխային այդ վիճակից հանենք»,-պարզաբանեց դպրոցի տնօրենը:
Նրա խոսքերով՝ աղջիկը շատ է զղջացել ու ափսոսացել կատարվածի համար, դրա պատճառով էլ հայտնվել է վատ վիճակում: «Որպես դպրոց՝ կրթող ու դաստիարակող օջախ, որոշեցինք իրեն այդ տրավմայից դուրս բերել: Զրուցեցինք իր հետ, ինչ որ պետք էր՝ ասացինք: Անընդհատ լաց էր լինում ու մտածում, թե էս ինչ է արել: Երեխա է եղել, չի հասկացել, թե ինչ է արել: Իսկ ընկերներն էլ նորմալ են ընդունում նրան, ո՛չ ավել, ո՛չ պակաս վերաբերմունք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Այսպիսով՝ ճիշտ է, մի կողմից գործ ունենք անչափահաս աղջկա հետ, որի գործած սխալը ներման կարիք ունի, սակայն մյուս կողմից անհասկանալի է, որ միմյանց ծեծող, գռեհիկ հայհոյանքներ տվող դեռահասները մնալու են անպատիժ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս