Կոտայքի մարզի Ալափարս համայնքի բնակիչ 24-ամյա Սամվել Գալստյանի ինքնասպանությունը զարմացրել է ինչպես գյուղացիներին, այնպես էլ ընտանիքի անդամներին եւ հարազատներին: Նշենք, որ Սամվելն ինքնասպանություն գործելուց առաջ «Oդնոկլասսնիկի» կայքի իր անձնական էջում գրել էր. «Խնդրում եմ, տեր Աստված, ինձ օգնիր: Էլ չեմ կարողանում, ուժերս չի բավականացնում, գալիս եմ մոտդ»:
Հիշեցնենք, որ hուլիսի 29-ին Սամվել Գալստյանը տանից գնացել էր: Միայն ծնողներին էր զգուշացրել, որ գնում է Երեւան՝ իր ծանոթի մոտ` աշխատանք փնտրելու: Իսկ ծնողներն էլ չեն անհանգստացել` վստահելով իրենց որդուն: Անցել է 4 օր, երիտասարդը վերադարձել է, բայց մեկ օր հետո նորից տանից գնացել է ու չի վերադարձել: Օգոստոսի 2-ին 24-ամյա Սամվել Գալստյանի դին գտել էին Ալափարս-Արզաքան ճանապարհին գտնվող կիսակառույցի առաստաղից պոլիէթիլենային պարանով կախված վիճակում: Բոլորի համար առեղծված է Սամվելի այս քայլը:
Տեղեկացնենք, որ Սամվելը գյուղի հովիվն է եղել. գյուղացիների կովերն է պահել եւ դրա համար բավականին լավ վճարվել. յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը կազմել է 150-180 հազար դրամ: Սակայն նա, ըստ գյուղացիների, տան համար գրեթե ոչինչ չի հատկացրել. «Աշխատավարձը պահում էր անձնական օգտագործման համար: Բայց նրանց ընտանիքում նույնիսկ կոնֆլիկտ չի եղել: Ինքն էլ մտավոր հետամնաց չի եղել, բայց բանակում էլ չի ծառայել: Իր ֆիզիկական չափանիշները չեն բավարարել, դրա համար ազատվել է ծառայությունից: Սամվելը շատ ընկերներ չի ունեցել»:
Համագյուղացիներից մի քանիսը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, շարունակելով նկարագրել Սամվելին, ասացին, որ նրանց ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում է ապրում: «Բնակարան չունեն: Գյուղապետարանին պատկանող տարածքում գտնվող մի ավտոտնակում են ապրում: Հայրն ու մայրը վատառողջ են, քույր ուներ՝ իրենից փոքր»,-նկարագրեցին նրանք՝ հավելելով, որ չնայած հայրը վատառողջ է, այնուամենայնիվ, աշխատում է գյուղի աղբատար մեքենայի վրա: Գյուղացիներից իմացանք, որ ժամանակին Սամվելի հոր ընտանիքն ապրել է իր հայրական տանը հորեղբոր հետ, բայց հետո անհաշտություն է եղել, ու ընտանիքները բաժանվել են, եւ արդեն 4-5 տարի է՝ ավտոտնակում են ապրում: «Շատ կարիքավոր ընտանիք է, ճիշտ է, հիմա Հայաստանում շատերն են կարիքավոր, բայց իրենք վերջին սանդղակում են»,-ավելացրին գյուղացիները:
Միակ բանը, որ գյուղացիներին զարմացրել է, այն է, որ Սամվելը հաճախ հեռախոսներ էր փոխում ու թանկարժեք: Դեպքից մի քանի օր առաջ նա անընդհատ կրկնել է, որ ինքն իրեն կկախի: Նույնիսկ տանից կորելուց առաջ է ասել այդ խոսքերը:
Զրուցեցինք նաեւ Սամվելին դասավանդած ուսուցիչներից մեկի հետ, որը չցանկացավ նշել իր անունը: «Փայլուն մտավոր կարողություններ չի ունեցել: Սովորական անձնավորություն էր, նույնիսկ միջինից ցածր, միայն համալրում էր դպրոցականների թիվը: Եթե ինքը մենակ իր եւ իր ֆինանսի մասին էր մտածում ու տան համար չէր հոգում, դժվար նման մարդը կարողանար խորը կոնֆլիկտներ ընկալել: Ինքնամփոփ չէր, ինչ-որ բաների մասնակցում էր, բայց յուրահատուկ վերաբերմունք չէր դրսեւորում»,-նկարագրեց մանկավարժը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Սամվելի հորաքրոջ աղջկա` Գայանեի հետ, որը տեղեկացրեց, որ ինքնասպանություն գործած երիտասարդը վերը նկարագրված 4 օրը Երեւանում չի եղել: «Բայց թե ուր է եղել, ոչ ոք այդ մասին չգիտի: Կորելուց հետո որ եկավ, տրամադրությունը բարձր էր: Հաց է կերել, ու ոչ մի ավելորդ, տարօրինակ պահվածք չի նկատվել իր կողմից: Ասել է, որ գնում է փայտի»,-ներկայացրեց Գայանեն: Նրա խոսքերով՝ ծնողները հիմա շատ վատ վիճակում են:
«Մենք չգիտենք, թե ինչու է նման բան արել: Դե գյուղ է, բնականաբար, ով ինչպես գիտի՝ մեկնաբանում է: Մեր հարաբերությունները միշտ էլ լավ են եղել: Ես նրա մոտ հոգեկան ընկճվածություն երբեք չեմ նկատել»,-ասաց մեր զրուցակիցը: Նրա տեղեկացմամբ՝ Սամվելը «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի իր անձնական էջում կորելուց առաջ` հուլիսի 23-ին, գրել էր. «Խնդրում եմ, տեր Աստված, ինձ օգնիր: Էլ չեմ կարողանում, ուժերս չի բավականացնում, գալիս եմ մոտդ»:
Իսկ կընդունի՞ Աստված երիտասարդին… Չէ՞ որ Աստվածաշունչը դատապարտում է ինքնասպանությունը:
ՓԱՅՏ ԲԵՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԻՐԵՆ ԿԱԽԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ