Երեկ երեկոյան «Մասիս տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում խոշոր հրդեհ էր բռնկվել: Դեպքի վայր մեկնած 4 մարտական հաշվարկը մեծ դժվարությամբ է կարողացել հրդեհը մեկուսացնել:
«Գրանդ Հոլդինգ» ընկերության մամուլի քարտուղար Վահրամ Բրուտյանն Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ հրդեհը տեղի էր ունեցել թղթի արտադրամասին կից պահեստներից մեկում:
Նշենք` «Մասիս տոբակո»-ն մտնում է «Գրանդ Հոլդինգ» ընկերության կազմի մեջ:
«Հրդեհը բռնկվել է ընդամենը մեկ հաստոցում, այն էլ` հաստոցի մեջ լցոնված թղթի թափոնում: Այնուհետև հրշեջ փրկարարները կարողացել են դուրս բերել հաստոցն արտադրամասից: Արտադրամասը չի վնասվել: Միայն եղել է թղթի թափոնը և աղբը»,- ասաց նա և հավելեց, որ դրանից ընկերությունը վնաս չի կրել:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին, ժամը 17.44-ին փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Գործարանային փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի տարածքում այրվում էին թղթի թափոններ: Դեպքի վայր էին մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 23.38-ին, մարվել` մարտի 10-ին, ժամը 10.54-ին:
Լուսանկարները` Shamshyan.com-ի: