Հայաստանում Իրաքի դեսպանատուն է բացվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին  հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: 
Փոխվարչապետը ողջունել է հյուրերին` այցը կարևորելով երկկողմ հարաբերությունների ակտիվացման և երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի խորացման տեսանկյունից: Ա. Գևորգյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է Իրաքի հետ համագործակցել բոլոր ոլորտներում: Նա հույս է հայտնել, որ հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի արտադրական կարողություններին, և հանդիպումների ու քննարկումների ընթացքում կնախանշեն երկու երկրների փոխգործակցության ուղղությունները: Փոխվարչապետը գործակցության համար հեռանկարային է համարել մասնավորապես շինարարության, սննդամթերքի վերամշակման, էներգետիկայի, առողջապահության, գիտակրթական ոլորտները: Ա.Գևորգյանը հյուրերին նաև տեղեկություններ է ներկայացրել ենթակառուցվածքների ոլորտում Հայաստանում իրականացվող խոշոր ծրագրերի մասին:
Իրաքի փոխվարչապետն իր հերթին ավելացրել է, որ իր երկիրը մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ կապերի խորացմանը: Նա տեղեկացրեց, որ իր պատվիրակության կազմում են նաև ենթակառուցքածքային ոլորտները ներկայացնող նախարարներ, որոնք հայ գործընկերների հետ պատրաստ են քննարկել գործակցության հեռանկարները: Իրաքյան կողմը մասնավորապես հետաքրքիր է համարում համագործակցությունը էներգետիկ, ներդրումային, առողջապահական, գիտակրթական ոլորտներում: Հյուրը նաև հայտնել է Հայաստանում դեսպանատուն բացելու իր երկրի մտադրության մասին:
Ա. Գևրոգյանը ողջունել է այդ մտադրությունը` նկատելով, որ դա նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Նա նաև կարևորեց երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:
Երկուստեք կարևորվել է գործարար շփումների ակտիվացումը, որոնց պատրաստակամ կլինեն աջակցել կառավարությունները:
Զրուցակիցներն ընդգծել են նաև Իրաքի հայ համայնքի դերը` երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:




Լրահոս