Ժամանակն է, որ մենք խոսենք բաց եվ շիտակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն արձագանքել է թերթերից մեկի հրապարակմանը, երկրի ազգային անվտանգության խորհրդի կազմի մասին ու հատկապես այն տեսակետին, որ Գագիկ Ծառուկյանի իմացությունը չի բավարարում նման բարձր մարմնում ներկայացված լինելու համար:
“Կարծում եմ ժամանակն է, որ մենք խոսենք բաց և շիտակ՝ առանց “թերթերից մեկում” կամ “մի ինչ-որ թերթ” և նման անհասցե ձևակերպումների։ Եվ, կարծում եմ, իրապես ժամանակն է, որ իրերը կոչենք իրենց անուններով։ Թերթը, որի մասին դուք խոսում եք՝ “Իրատես դե ֆակտոն” է, որի գաղափարական և ֆինասնական հայրերը վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ֆլեշի Բեգլարյան Բարսեղն է: Եվ այդ անձիք մեկ հստակ խնդիր ունեն՝ փորձել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին և “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը: Այդ խնդիրը լուծելու համար նրանք որևէ միջոցի առջև՝ լինի դա բարոյական թե նյութական, կանգ չեն առնում և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Ի դեպ, սա ինչ-որ տեղ տրամաբանական է. երկրի տնտեսությունը քանդելուց հետո պետք է շեղել հասարակական տրամադրությունները. գոնե ժամանակավորապես”,- ասել է Տիգրան Ուրիխանյանը: 
Նա ընդգծել է, որ տվյալ լրատվամիջոցում և իրենց “անաչառ” հորջորջող մի քանի այլ լրատվամիջոցներում ու կայքերում այդ երկյակը պարբերաբար և հետևողականորեն պատվերներ է իջեցնում Գագիկ Ծառուկյանի դեմ, քանզի նրանց հանգիստ չի տալիս Ծառուկյանի վարկանիշն ու մեծ ժողովրդականությունը: 
“Երկիրը դատարկվում է, որովհետև մարդիկ իրենց հայրենիքում ապրելու հեռանկար չեն տեսնում և բնական է, որ այս ամենին այս վարչապետի պատասխանը պետք է լիներ հետևյալը՝ “մնան, որ հեղափոխությո՞ւն անեն”,- ընդգծել է նա:
Նա նաև նշել է, որ եթե այդ “երկյակը չհանգստանա”, ապա ժամանակը կլինի, որ հանրությունը տեղեկանա, “որ Տիգրան Սարգսյանի եղբայրը, փեսան, հորեղբայրը և մնացյալ բարեկամներն ու ֆավորիտները միայն իրավունք ունեն “շահելու” այս կամ այն տենդերը, թե ինչպես հենց այս պահին Տիգրան Սարգսյանի եղբոր հրահանգով ապամոնտաժվում են Մասիս-էջմիածին հատվածի ոռոգման ջրի խողովակներ՝ գյուղացիներին զրկելով իրենց այգիները ոռոգելու վերջին հնարավորությունից, քանզի վարչապետի եղբայրը որոշել է ՀԷԿ կառուցել, շատ ավելի բաց և հրապարակային կխոսենք “Նաիրիտի” էպոպեայի մասին, Հնդկաստանից ներկրված և մեր ժողովրդին տևական ժամանակ գոմեշի սատկած միս մատակարարած իրական պատասխանատուների և այլ բաների մասինե: 
“Ամեն օր Աստծո անունը տալով և Նարեկացի ցիտելով հնարավոր չէ սեփական անբարո դիմագիծը փրկել: Ի դեպ, հիշեցնենք, որ ո՛չ քրիստոնեությունը, ո՛չ էլ որևէ այլ կրոն չի ազատում երկրային կյանքում պատասխանատվությունից՝ հարյուր հազարավոր մարդկանց տառապանքի պատճառ դառնալու համար”,- եզրափակել է Տիգրան Ուրիխանյանը:




Լրահոս