“Ժողովուրդ”-ին լուրեր հասան այն մասին, որ վերջերս “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ ընտրացուցակով պատգամավոր դարձած Վարդան Օսկանյանի միջնորդությամբ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ բանակցություններ է վարում, որպեսզի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների ժամանակ սատարի Հովհաննիսյանի թեկնածությունը: Եղել է արդյոք հանդիպում Ծառուկյանի եւ Հովհաննիսյանի միջեւ: Այս հարցի շուրջ “Ժողովուրդ”-ը զրուցեց ԲՀԿ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ:
-Պարո՛ն Ուրիխանյան, վերջին օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գաղտնի հանդիպում ունեցե՞լ է ,Ժառանգությունե կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
-Ո՛չ, նման հանդիպում չի եղել:
-Լուրեր կան, որ Գագիկ Ծառուկյանը Հովհաննիսյանի հետ քննարկել է մեկ միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորության հարցը:
-Եթե հանդիպում չի եղել, ապա ինչպե՞ս կարող է նման թեմա քննարկվել, այն էլ այդ աստիճանի անհեթեթության թեմա:
-Միջնորդը եղել է ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը, որը մտերիմ է ե՛ւ Ծառուկյանի, ե՛ւ Հովհաննիսյանի հետ:
-Ի սեր Աստծո, ես առանց վարանելու, առանց աչքս թարթելու տվեցի Ձեզ շատ շիտակ պատասխան: Դա Ձեզ հայտարարում է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության խոսնակը:
-Այսինքն՝ ԲՀԿ-ն ոչ մի մտադրություն չունի՞ սատարելու ընդդիմադիր թեկնածուի:
-Ի՞նչ մտադրության մասին է խոսքը, չի եղել նման հանդիպում, առավել եւս՝ որեւէ թեմա:
“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
-Պարո՛ն Սաֆարյան, Դո՞ւք էլ տեղյակ չէք, որ Ձեր կուսակցության առաջնորդն ու ԲՀԿ նախագահը հանդիպել են կամ բանակցում են միմյանց հետ:
-Ես այդպիսի հանդիպման մասին տեղեկություն չունեմ եւ չեմ կարող ոչինչ ասել:
-Վերջին օրերին Դուք հանդիպե՞լ եք Րաֆֆի Հովhաննիսյանի հետ, քննարկե՞լ եք նրա առաջադրման հարցը, պարզե՞լ եք՝ նա մտադրություն ունե՞ր “համագործակցել” ԲՀԿ-ի հետ:
-Այսօր (երեկ-Ս. Գ.) հանդիպել ենք, նման հարց չենք քննարկել: Հասկանում եք, դա մի որոշում է, որ ինքը պետք է կայացնի, ,Ժառանգությունե կուսակցությունը սպասում է նրա որոշմանը, եւ դա մեզ համար երկար սպասված որոշում է: Բայց քանի որ ինքը պետք է այդ որոշումը կայացնի, բնականաբար, մենք սպասում ենք այդ որոշմանը:
-Նույնիսկ միջնորդի անունն են տալիս՝ Վարդան Օսկանյան:
-Ոչ մի նման տեղեկություն չունեմ, թեպետեւ միմյանց տեսել ենք ու զրուցել, նման բան ինքը չի ասել, եւ ես էլ տեղյակ չէի, որ հնարավոր է՝ նման հանդիպում է եղել: Չեմ կարող ո՛չ հաստատել եւ ո՛չ էլ հերքել:
-Իսկ ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ն նման որոշում կայացնի եւ նախագահական ընտրությունների ժամանակ սատարի ,Ժառանգությունե կուսակցության առաջնորդին:
-Ես մի քիչ դժվար եմ հավատում: Դա կախված կլինի նրանից, թե ԲՀԿ-ն ինքն իրեն որ դաշտում կհռչակի նախագահական ընտրություններից առաջ: Եթե ինքը որոշում կայացնի անցում կատարել ընդդիմադիր դաշտ, այդ դեպքում հնարավոր համարում եմ, բայց ես նման նշաններ չեմ տեսնում, որ ԲՀԿ-ն անցում է կատարում դեպի ընդդիմադիր դաշտ: Բնականաբար, այդ դեպքում միայն հնարավոր կլինի պատկերացնել, որ ընդդիմադիր թեկնածուի կսատարեն:
Հ.Գ. Զրուցեցինք նաեւ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հետ, որը ԲՀԿ առաջնորդի եւ “Ժառանգություն” կուսակցության նախագահի հնարավոր հանդիպման վերաբերյալ ասաց. “Չեմ կարծում, որ հանդիպած լինեն, ես տեղյակ չեմ”:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ