ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԿՈՎԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 10 տարի է, ինչ Կոտայքի մարզը ղեկավարում է Կովալենկո Շահգալդյան անուն-ազգանունով պաշտոնյան, որն իր գործունեության ընթացքում հասցրել է ավելի շատ հիշվել խայտառակ պատմություններով: Բայց մինչ այդ արձանագրենք, որ Շահգալդյանը Հայաստանի ամենակալվածատեր մարզպետներից  է:Ալափարս գյուղում ծնված այսօրվա մարզպետը կրթությամբ ինժեներ-մեխանիկ է: Բայց 1993-ին զգալով, որ ինչ-որ մի բան իր կյանքում այնուամենայնիվ թերի է մնացել, ընդունվել է Երեւանի արտաքին տնտեսական կապերի եւ կառավարման ինստիտուտի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ֆակուլտետ` ստանալով միջազգային տնտեսագետի որակավորում: Տարբեր արտադրական միավորումներում ինժեներ, վարպետ ու կոնստրուկտոր աշխատելով` ի վերջո Կովալենկո Շահգալդյանը դարձել է «Արմավտո» ԲԲԸ-ի նախագահ եւ գործադիր տնօրեն: Հենց այս պաշտոնից էլ սկսվել է այսօրվա մարզպետի քաղաքական կարիերան: Նա 3 տարի եղել է Չարենցավանի քաղաքապետ: Այդ աթոռը փոխանցելով իր որդուն` Կովալենկո Շահգալդյանը 2001 թ.-ից նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզպետ:Նշենք, որ իր բոլոր հաջողությունների համար Շահգալդյանը պարտական է մեկ մարդու` ԱԺ այսօրվա նախագահ Հովիկ Աբրահամյանին: Հենց վերջինիս շնորհիվ մարզպետը դարձավ ՀՀԿ խորհրդի ղեկավարը մարզում: Իսկ մինչ այդ, արդեն մամուլը գրել էր, որ Կովալենկո Շահգալդյանը եղել է «Արժանապատիվ ապագա» կուսակցության, ապա` ՀԺԿ անդամ: Դրանից հետո Շահգալդյանը հասկացավ, որ ցեղակրոնությունն է իր տեսակը: Իսկ թե նա ինչ է հասկանում այդ գաղափարախոսությունից, միայն կարելի է եզրակացնել` հաշվի առնելով նրա բազմակուսակցական կենսագրությունը: Մի կարեւոր բան էլ կա Շահգալդյանի կենսագրության մեջ. մինչ նրա ունեցվածքին ու արված փաստացի թալանին անդրադառնալը, նշենք, որ նաեւ մարզպետի անմիջական ջանքերով է այսօր Սասուն Միքայելյանը գտնվում բանտում: Շահգալդյանը իրավապահներին բազմաթիվ օժանդակություններ է ցուցաբերել, որպեսզի իր ահ ու սարսափ Միքայելյանը հայտնվի ճաղերի հետեւում: Նույնիսկ զանգահարել եւ Կադաստրի ու Նոտարական գրասենյակների ղեկավարներին հորդորել էր տալ բոլոր այն փաստաթղթերը, որոնք առնչվում են Միքայելյանին: Ի դեպ, նա միայն Միքայելյանի դեպքում չէ, որ «գործ տալով» է զբաղվել, քանի որ Շահգալդյանի պաշտոնական կենսագրական տվյալներում այսպիսի տող կա. «Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» եւ ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով»: Երկար ուսումնասիրեցինք, բայց Շահգալդյանի կենսագրության մեջ որեւէ դրվագ չգտանք, որ նա պաշտոնապես առնչված լինի ՀՀ ոստիկանության հետ: Հետեւաբար, մարզում պտտվող խոսակցությունները, թե Կովալը ում հետ վատ հարաբերություններ ունի, ոստիկաններին է «հանձնում», ամենեւին էլ հեռու չեն իրականությունից: Բա ուրիշ ո՞ր արարքի համար պետք է մարզպետը ստանար ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալը: Ինչեւէ, այսօր Կոտայքում ՀՀԿ-ի դեմքը համարվող Շահգալդյանը, մեղմ ասած, ժողովրդականություն չի վայելում: Միայն հասցրել է իր պաշտոնավարման ընթացքում ահռելի քանակությամբ ունեցվածք դիզել: Նա հազարավոր հեկտարներով հողեր է սեփականաշնորհել: Եվ որպեսզի էժան գնով ձեռք բերի նաեւ Չարենցավանի ավտոբեռնիչների գործարանը, մի քանի ամիս գործարանի աշխատանքները դադարեցնել է տվել: Չարենցավանում գտնվող «Մակու» ռեստորանը եւս Շագհալդյաններին է պատկանում: Ծաղկաձորում եւս մի մեծ հանգստյան տուն է կառուցել: Կ. Շահգալդյանին են պատկանում նաեւ Չարենցավանի ԲՏԱՎ-ի շենքն ու Չարենցավանի 5-րդ թաղամասի մանկապարտեզը, որոնք նա վարձակալության է տվել Տարածքային հարկային տեսչությանը եւ Ջրմուղին: Ի դեպ, Ջրմուղի պետը Շահգալդյանի մորաքրոջ որդին է` Մանուկ Ասատրյանը, ով նաեւ ավագանու անդամ է: Մամուլում մի անգամ հրապարակվել էր, որ Կովալի հարազատ քույրը` Գայանե Շահգալդյանը, Չարենցավանի հարկային ծառայության վարչություններից մեկի պետն է, քեռու երկու աղջիկները` Չարենցավանի մանկապարտեզների վարիչներ են, մյուսը` Չարենցավանի թիվ 1 դպրոցի տնօրենը: Կոտայքի մարզպետարանի ՏԻՄ հարցերով վարչության պետը` Սամվել Հակոբյանը, նույնպես նրա ազգականն է, իսկ վերջինիս որդին` Վահե Հակոբյանը, Չարենցավանի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետն է: Եվ որպես կանոն, մարզում իրականացվող բոլոր տեսակի մրցույթներում հաղթում են Շահգալդյանի հարազատները: Կոտայքի մարզպետը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ միասին Երեւան-Հրազդան ավտոճանապարհի վրա գտնվող մի գազալցակայան ունի, նրա անվան հետ է կապվում նաեւ նույն ավտոճանապարհի վրա գտնվող «շիբին»-ի հանքը եւ էլի շատ ջերմոցներ, առանձնատներ ու օբյեկտներ, որոնք այս կամ այն ձեւով առնչվում են մարզպետին: Սակայն այսքանով Կովալենկո Շահգալդյանի անվան հետ կապվող պատմությունները չեն ավարտվում: Նա երբեմն-երբեմն մամուլում հայտնվում է իր արտահայտած զավեշտալի մտքերով: Օրինակ, դպրոցներից մեկում հայտարարել էր, թե «դուք բոլորդ պետք է հարուստ մարդկանց դեմ խոնարհվեք, քանի-որ իրենցից եք կախված» կամ էլ դպրոցի ուսուցչուհիներից մեկին սպառնացել էր «քաչալացնել»: Մի խոսքով, իսկական Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ` իր բոլոր լավ ու վատ կողմերով: Եւ եթե այս ամենին էլ գումարենք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից Կովալին տված հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» հուշամեդալը, ամեն ինչ տեղն է ընկնում: Կովալենկոն իր բոլոր չափանիշներով տեղավորվում է իշխող վարչակազմի կերտած մարդկային ու բարոյական կերպարի մեջ: Եւ սա է պատճառը, որ նա «ջրի նման գնում է, իսկ ավազի նման` մնում տեղում»: Այսինքն` ամեն անգամ նույնիսկ կոնկրետ օր է հայտարարվում, թե Կովալենկո Շահգալդյանը պետք է հրաժարական տա կամ հեռացվի զբաղեցրած պաշտոնից, բայց գործընթացը ձգձգվում է: Ուստի` Կովալը շարունակում է մնալ բոլոր ժամանակների մարզպետը:ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ15 02 2011




Լրահոս