Մեր հարեւան Վրաստանի Հանրապետությունում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են աղաղակող խախտումներով ու ծեծուջարդով: Բայց, չնայած դրան, Exit-poll-ի վերջնական տվյալներով` Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցական ցուցակներով առաջատար է «Վրացական երազանք» կոալիցիան, որի առաջնորդը մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին է: Այն հավաքել է ընտրաձայների 50%-ը: Իշխող «Միասնական ազգային շարժումը»-ը ստացել է ձայների 41%-ը: Իսկ մեկ այլ ընդդիմադիր «Քրիստոնեադեմոկրատական շարժում» կուսակցությունը հաղթահարել է նվազագույն 5%-ի շեմը: Վրաստանի ԿԸՀ մամլո խոսնակ Էկա Ազարաշվիլին հայտնել է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 61 տոկոսը: Իսկ վրացական «Իմեդի», «Ռուսթավի-2» եւ իշխանամետ ԿԹթ հեռուստաընկերությունների նախնական տվյալներով՝ Իվանիշվիլու բլոկը առաջատար է 35%-ով: Սահակաշվիլու կուսակցությունը հավաքել է 30% քվե: Մեծամասնական ընտրակարգով հաղթել են Սահակաշվիլու թիմակիցները: Վերջնական արդյունքները ՎՀ ԿԸՀ-ն կհրապարակի երեւանյան ժամանակով 03:00-ից հետո:
Վրաստանի ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչ, մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Նորիկ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն իր ծննդավայրում՝ Վրաստանի Բորժոմի շրջանում, «հսկայական բիզնեսներ ունի, եւ երեկ ջիփերով եկել ու ամեն ինչ անում էին, որ Սահակաշվիլու կուսակցությունը հաղթի»:
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՂԹԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ