2010 թվականի տարեվերջին լրատվամիջոցների ուշադրության հիմնական առարկան Աշխատանքի ¨ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի անձն ու գործունեությունն էր: Սկզբում խոսք գնաց ՀՀ վերահսկիչ պալատի սենսացիոն բացահայտումների, ապա` Խաչիկյանի անսպասելի հիվանդության ու Մոսկվա կատարած այցի մասին: Վազգեն Խաչիկյանը չէր ուզում ազատվել չաղլիկ ու բարգավաճում ապահովող պաշտոնից: Լավ հասկանալով, որ դա անխուսափելի է, ավելի վատթար` կարող են իրենից հաշիվ պահանջել իրավական դաշտում, առաջին հայացքից բարեկիրթ ու մեղմախոս, թոշակառուներին մշտապես ցածր թոշակի համար կարեկցող պետը սահուն անցավ շանտաժի լեզվին, տառացիորեն խոստանալով «տհաճ ելքի դեպքում ավելի սենսացիոն հայտարարություն անել»: «Ժողովուրդ»-ը փորձեց Սոցիալական ծառայության վարչությունից եւ «Հայփոստ»-ից ստացված պաշտոնական տեղեկությունները համադրելով` հաշվարկել Խաչիկյանի գործունեության տարիների «մաքուր եկամուտը»: Այսինքն` փորձեցինք պարզել, թե անցած տարվա վերջին ու այս տարվա սկզբին բաժանված թոշակների թվերն ի՞նչ տարբերություն են տալիս: «Հայփոստ»-ը բավականին արագ արձագանքեց «Ժողովուրդ»-ի հարցմանը: Կազմակերպության Հասարակության հետ կապերի բաժնի տրամադրած տվյալներով, 2011թ հունվար ամսին ողջ հանրապետությունում կենսաթոշակ է ստացել 445 հազար մարդ, այդ թվում` Երեւանում` 135 հազար մարդ: Գումարային արտահայտությամբ, համապատասխանաբար` 12,5 եւ 4 միլիարդ դրամ:Սոցիալական ծառայության արձագանքը հասկանալի դժկամությամբ ստացանք 4-5 օրից: Ծառայության Լրատվական բաժնի պետ Վահագ Խաչատրյանը մանրամասնեց, թե 2010 թվականի նոյեմբերին հանրապետությունում թոշակ է ստացել 476. 915 անձ (այդ թվում, Երեւանում` 160. 330 հոգի): Դեկտեմբերին` 479. 947 անձ է թոշակ ստացել (այդ թվում, Երեւանում` 162. 596 հոգի): Դեկտեմբերին ու հունվարին տրված թոշակների թվերը պահանջեցինք, քանի որ դեկտեմբերին կենսաթոշակները բաժանել է Խաչիկյանի հիմնարկը` իրենց թվերով, իսկ հունվարին` «Հայփոստը»` ՎՊ-ի ստուգումներից հետո:Մնում էր հանման պարզ թվաբանական գործողությամբ (դեկտեմբերի եւ հունվարի տվյալների տարբերությամբ) ճշտել Խաչիկյանի «մեռած հոգիների» իրական թիվը: Թվերը խոսուն են ու դաժան: Միայն դեկտեմբերի-հունվարի համեմատությունը ցույց է տալիս, որ յուրացվել է 35 հազար թոշակառուի թոշակ (միայն Երեւանում` 28 հազար): Միայն պաշտոնական թվերի համադրմամբ ստացվեց, որ Խաչիկյանը գող է` այն էլ` խոշոր: Ամսական միջինը 2-3 միլիոն գումար է գողացել պետության սուղ բյուջեից` ամեն անգամ դեմքի լուրջ արտահայտությամբ կարեկցելով մեր թոշակառուներին, որ նրանց տրվելիք գումարները շատ փոքր են:Սա` բացահայտման մեր մասը: Թե ինչ կբացահայտի ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողությունը` ԿՌՈՒ-ն, առաջիկայում կիմանանք: Հայտնի է, որ Վերահսկիչ պալատի ընտրանքային կարգով արված ստուգումներից հետո, Ֆինանսների նախարարությանն է հանձնարարվել ամբողջությամբ «մաքրել» Խաչիկյանի հիմնարկն ու տարածքային ստորաբաժանումները: ՀՀ ֆինանսների նախարարությունից երեկ տեղեկացանք, որ ստուգումները դեռ չեն ավարտվել: Նրանք շարունակվում են առայժմ մայրաքաղաքում, որից հետո կանցնեն մարզերին: Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարությանը մինչեւ մայիս է ժամանակ տրված, տեսնենք ի՞նչ կհասցնեն: Վերջում նշենք, որ Խաչիկյանը իր արած շանտաժով հասավ նրան, որ հիմա ոչ թե ուղղիչ աշխատանքային գաղութում է, այլ հանգիստ վայելում է վաստակած փողերը: Առա՛ջ Հայաստան:ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ «ՄԵՌԱԾ ՀՈԳԻՆԵՐԻ» ՀԵՏՔԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ