Ինչու են «պանիկայի» մեջ ընկել. Արմավիրի մարզպետարանը` բժշկական կենտրոնի պարտքերի և աշխատավարձերի պահումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Խաչատրյանը պոլիկլինիկայի և հիվանդանոցի աշխատակիցների աշխատավարձից համապատասխանաբար 5 և 10 տոկոս պահումներ է կատարում, քանի որ, ըստ տնօրենի հավաստիացումների, բժշկական կենտրոնը ֆինանսական խնդիրներ ունի: ԲՀ-ի տնօրենի խոսքով` 7 մլն հոսանքի պարտք է կուտակվել, 8 մլն` դեղորայքի: Թե որտեղի՞ց են կուտակվել պարտքերը, ո՞վ է պատասխանատու, այս և այլ հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ մարզպետարանից, քանի որ բժշկական կենտրոնը գտնվում է մարզպետարանի վերահսկողության ներքո:

Մեզ հետ զրույցում Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը նշեց, որ հանպատրաստից չի կարող ասել, թե պարտքերը որտեղից են գոյացել: Իսկ պահումների հետ կապված ասաց, որ մարզպետը դեռ իր համաձայնությունը չի տվել  և պահումներ չեն կատարվում: «Բայց սահմանված չափորոշիչներով ԲԿ-ի տնօրենն ունի նման իրավունք, եթե կենտրոնը ֆինանսական խնդիրներ ունի, բայց մարզպետի թույլատվությամբ: Բժշկական կենտրոնի տնօրենը պարզապես ժողով է արել և զգուշացրել, որ եթե բժշկական կենտրոնի ֆինանսական խնդիրները լավ  չեղավ, հնարավոր է` պահումներ արվեն: Տնօրենը մարզպետարան դեռ ոչ մի բան չի ուղարկել, մարզպետարանը թույլատվություն չի տվել: Ես չգիտեմ ինչու են` «պանիկայի» մեջ ընկել»,- ասաց մարզպետի տեղակալը:

Աշխատակիցները նաև նշում էին, որ նմանատիպ պահումներ եղել են 2012 թվականից սկսած: Մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանն ասաց` պահումներ ամեն տարի էլ կարող են լինել: «Դա փակ բաժնետիրական ընկերություն է, մենակ պետական բյուջեով չի սնվում: Նաև վճարովի ծառայություններ ունի: Եթե վճարովի ծառայություններից հիվանդները չեն կարողանում օգտվել, ֆինանսական պարտքեր են գոյանում: 2012 թվականին էլեկտրաէներգիայի թանկացումը, դեղորայքի թանկացումը նպաստեցին պարտքերի կուտակմանը: Բայց չգիտեմ` այդ ժամանակ արվել է պահումներ թե ոչ: Հիմա ոչ մի պահում չի կատարվում, ինչու՞մն է ժողովրդի անհանգստությունը»,- նշեց Մուրադյանը:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս