Քննարկվել են Երևանում ղազախական ընկերությունների ներդրումային հնարավորություններն ու հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը հանդիպել է ղազախական գործարար պատվիրակության կազմում Երևան ժամանած «KAZNEX INVEST» արտասահմանյան և ներդրումային ազգային ընկերության գործադիր տնօրեն Ասկար Արինովի ու «СВЕТОКОМ» ընկերության մարքեթինգի մասնագետ Նադեժդա Չերիշևայի հետ:

Հանդիպմանը մասնակցել են  քաղաքապետարանի արտաքին կապերի և տրանսպորտի վարչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը ներկայացրել է  մայրաքաղաքում ներդրումային առաջնահերթությունները` նշելով, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է հնարավորին նպաստավոր պայմաններ ստեղծել  արտասահմանյան ներդրողների համար:

«KAZNEX INVEST» արտասահմանյան և ներդրումային ազգային ընկերության գործադիր տնօրեն Ասկար Արինովն իր խոսքում նշել է, որ հատկապես  եվրասիական մաքսային միություն մտնելուց հետո ղազախ և հայ գործարարների համար լայն հեռանկար է բացվել, ինչը կնպաստի նաև երկու երկրների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Լուսացույցների և լուսացուցային սարքավորումների արտադրությամբ զբաղվող «СВЕТОКОМ» ընկերության մարքեթինգի մասնագետ Նադեժդա Չերիշևան էլ ընդգծել է, որ իրենց ընկերությունը շահագրգռված է համագործակցություն ծավալել ոլորտի հայ գործընկերների հետ և անհրաժեշտության դեպքում Երևան ներկրել ղազախական արտադրության լուսադիոդային  լուսացույցներ:

Այդ ուղղությամբ հնարավոր համագործակցությունը կքննարկվի նաև ՀՀ ոստիկանությունում համապատասխան ստորաբաժանման ղեկավարության հետ, քանի որ բնագավառը  ՀՀ ոստիկանության ենթակայության է: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:




Լրահոս