ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ եղանակով է գումար մուտքագրվում քարտային հաշվին, եւ հնարավոր է արդյոք դա իրականացնել ոչ քարտատիրոջ կողմից: Ի՞նչ տվյալներ են անհրաժեշտ քարտային հաշվին գումար փոխանցելու համար, եւ որքա՞ն ժամանակում է մուտքագրված գումարը հասանելի դառնում քարտին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Քարտային հաշիվը կարելի է համալրել` կատարելով կանխիկ մուտք, բանկային փոխանցում, ինչպես նաեւ ԱրՔա online համակարգում քարտից քարտ փոխանցում: Բանկային փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է ստացողի անունը, ազգանունը եւ քարտային հաշվի համարը: Եթե փոխանցումը կատարվում է արտերկրից, ապա անհրաժեշտ են նաեւ այլ տվյալներ, որոնք կարող եք ստանալ բանկում Ձեր հաճախորդի մենեջերից: Քարտից քարտ փոխանցումների դեպքում անհրաժեշտ է միայն քարտի համարը: Քարտից քարտ փոխանցումները հասանելի են լինում միջինում 3-5 րոպեների ընթացքում: Կանխիկով եւ փոխանցումով մուտքերը քարտային հաշվին, որոնք կատարվել եւ հաստատվել են բանկում մինչեւ տվյալ աշխատանքային օրվա 09:30-ը, քարտի վրա հասանելի կլինեն մինչեւ նույն օրվա ժամը 12:00-ն, իսկ այն մուտքերը, որոնք կատարվել եւ հաստատվել են մինչեւ տվյալ աշխատանքային օրվա 16:30-ը, քարտի վրա հասանելի կլինեն մինչեւ նույն օրվա ժամը 18:00-ն: Բացառություն է կազմում միայն յուրաքանչյուր ամսվա 1-ը, երբ կախված մուտքերի քանակից` ակտիվացման գործընթացը կարող է երկարել 1-3 ժամով: Քարտին մուտքագրված գումարի շտապ ակտիվացման ծառայության դեպքում մուտքագրված գումարը հասանելի է դառնում հաճախորդի քարտին 1 ժամվա ընթացքում: Ծառայության դիմաց գանձվում է միջնորդավճար՝ բանկի սակագներով սահմանված չափով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկայացված տեսակետը, թե փոխանցված գումարը հասանելի է դառնում քարտին նույն օրվա ընթացքում, արժանահավատ չէ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիները նույնիսկ երեք օրով սպասում են իրենց քարտին փոխանցված գումարին, եթե անգամ դա աշխատավարձ է, բայց այն ուշանում է: Այնպես որ, ԿԲ-ի կողմից ներկայացված երկար-բարակ մանրամասները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը: