Ինչու էին Վայոց ձորում դժբախտ պատահարից տուժածներն այցելել «մոռացված» գյուղ. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 56 ՏՏ 883 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զեդեա գյուղից դեպի Հորադիս գյուղատեղի տանող դաշտամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը:

Վթարի հետևանքով 58-ամյա Սիրակ Գևորգյանը բուժկենտրոն տեղափոխվելուց հետո ժամեր անց մահացել է, իսկ մյուս տուժածներ 51-ամյա Հրայր Գևորգյանը, 48-ամյա Միսակ Մարգարյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. նրանց վիճակը կայուն բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում:

Հայտնել էինք նաև, որ վիրավորներից Հ. Գևորգյանն աշխատում է ՀՀ ՊՆ Վայքի զինկոմիսարիատում՝ որպես զորահավաքային բաժանմունքի սպա, իսկ Մ. Մարգարյանը Վայքի վարժարանում՝ որպես զինղեկ: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ մահացած Սիրակ Գևորգյանը Ռուսաստանում էր բնակվում` կնոջ և երեխաների հետ: Նա վթարի մյուս մասնակից` Հրայր Գևորգյանի եղբայրն էր:

Armlur.am-ի հետ զրույցում Վայքի քաղաքապետ Արագա Սաղաթելյանը հայտնեց, որ երեք տուժածներն էլ ամուսնացած են, երեխաներ ունեն: Իսկ վթարը, մեր զրուցակցի խոսքով, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ճանապարհի անմխիթար վիճակի հետևանքով. «Այդ գյուղը, որտեղ տեղի է ունեցել վթարը, արդեն մոտ 50 տարի է` գյուղում ոչ ոք չի ապրում: Երևի միայն Հրայրն էր մեկ-մեկ գնում-գալիս: Հնարավոր է արտեր ուներ այնտեղ, դրա համար: Դե´, պատկերացրեք` երկար տարիներ գյուղ գնացող չի եղել: Ճանապարհի վիճակն ինչպիսի՞ն պետք է լիներ: Միայն «Նիվա»-ով կարող էին գնալ, այն էլ` կրկին մեծ զգուշությամբ»:

Մեր զրուցակցի խոսքով, ամենայն հավանականությամբ, վթարից տուժածները «մոռացված» գյուղ էին գնացել հանգստանալու, իրենց կիրակին այնտեղ անցկացնելու նպատակով: Այնտեղ, քաղաքապետի խոսքով, ուրիշ նպատակներով` գործնական կամ այլ, չէին կարող գնալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքի առիթվ կատարվում է քննություն:




Լրահոս