ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՈՉ ՄԵԿՆ ԷԼ ՉԻ ՍԱՏԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետությունե կուսակցության քաղխորհրդի անդամ, “Մեծն Տիգրան” աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում ինքն ուսումնասիրություններ է կատարում, թե ինչ պետք է արվի Հայաստանի զարգացման ու արտագաղթի կանխման խնդիրները լուծելու համար:
-Պարո՛ն Այվազյան, տեղեկություններ են շրջանառվում, որ “Հանրապետություն”-ում ամեն ինչ չէ, որ հարթ է: Կարծես թե պառակտում է առաջացել, կուսակցությունը բաժանվել է երկու թեւերի, մի մասը Ձեր կողմն է, մյուս մասը՝ “Հանրապետության” առաջնորդ Արամ Սարգսյանի: Ի վերջո, ի՞նչ է կատարվում Ձեր կուսակցությունում:
-Ախր շատ անիմաստ է այդ թեմայի հետ կապված խոսել, չէ՛, պառակտվածություն չկա: Իսկ անձնական հարաբերությունների մեջ մենք որեւէ խնդիր չունենք:
-Այդ դեպքում այժմ ինչո՞վ է զբաղված ,Հանրապետությունե կուսակցությունը, ինչո՞ւ վարչության նիստեր չի անում:
-Ես արդեն 5-6 ամիս է՝ չեմ գնում կուսակցության գրասենյակ եւ տեղյակ չեմ՝ վարչության նիստեր անում են, թե ոչ:
Իսկ ո՞րն է պատճառը, որ Ձեզ հեռու եք պահում Ձեր հարազատ կուսակցությունից եւ անգամ գրասենյակ չեք գնում: 
-Ես իմ տեսակետներն ունեմ եւ ուզում եմ ինքս իմ ծրագրերով զբաղվել, այժմ իմ ծրագրերի վրա եմ աշխատում՝ որպես անհատ քաղաքական գործիչ:
Կնշե՞ք, թե որոնք են այն ծրագրերը, որը մշակում եք եւ ցանկանում եք զբաղվել:
-Երկրի ընդհանուր զարգացման մասին ենք ծրագրեր մշակում: Ինչ-որ այսօր կա կամ այն, ինչ այսօր առաջարկվում է, չի կարող դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք ունենք ու որոնց սպասում ենք: Ուսումնասիրում ենք արտագաղթի հետ կապված երեւույթները եւ փնտրում ելքերը, թե ինչ պետք է արվի, որպեսզի այդ ամենի դեմն առնենք: Եւ միաժամանակ մշակում ենք քայլեր, թե ինչպես դուրս հանենք Հայաստանն այս վիճակից, որովհետեւ ընտրությունների միջոցով անհնար է իրավիճակ փոխել երկրում:
-Այս խնդիրներից, որոնք Ձեզ համար առաջնային են, եւ այժմ զբաղված եք մշակումներով, “Հանրապետություն” կուսակցությունը տեղյա՞կ է: Այնտեղ Ձեր տեսակետները չե՞ն կիսում:
-Ես չեմ առաջարկել, որ նրանք կիսեն կամ չկիսեն:
-Ինչո՞ւ: 
-Այդպես եմ հարմար գտնում եւ կարծեմ ես Ձեզ սպառիչ պատասխան տվեցի: Ես արդեն ասել եմ, որ ինքս սառեցրել եմ, առկախել եմ իմ անդամությունը կուսակցականությանը, մինչեւ իմ հետագա հստակ որոշումը լինի այդ առումով:
Կոնկրետ կնշե՞ք, թե Ձեզ ինչը դուր չի գալիս կուսակցության ներսում:
-Ինձ, կուսակցության հետ կապված, խնդրում եմ՝ էլ հարցեր չուղղեք, այլեւս չանդրադառնաք:
-Իսկ ճի՞շտ եք համարում այն, որ ,Հանրապետությունե-ը որոշեց ՀԱԿ-ի կազմից դուրս գալ:
-Գիտեք ինչ, այդ պահին՝ այդ ժամանակահատվածում, դե ֆակտո դա արդեն տեղի էր ունեցել, դա կարող եմ միայն ասել:
-Ինչո՞վ է զբաղված “Մեծն Տիգրան” աշխարհազորային գունդը, որը վերջին շրջանում տարբեր հայտարարություններ է տարածում:
-Իրենք հավաքագրում կատարեցին ու այժմ էլ կատարում են այդ հավաքագրումը, միեւնույն ժամանակ քննարկվում են այն թեմաները, որոնց մասին ես խոսեցի:
-Այժմ խառն է նաեւ քաղաքական դաշտը, քննարկումներ, կոնսուլտացիաներ են կատարվում տարբեր կուսակցությունների միջեւ՝ պարզելու համար, թե ում են սատարելու նախագահական ընտրությունների ժամանակ: Բոլորի քննարկման թեման այն է, թե արդյոք ճիշտ կլինի սատարել Սերժ Սարգսյանին:
-Բայց Սերժ Սարգսյանին ո՞վ պետք է սատարի: Ս. Սարգսյանին սատարող չկա, ժողովուրդը չի սատարում, ժողովրդից կտրված ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը միգուցե սատարեն, ուրիշ ո՞վ պետք է սատարի: Ես ասել եմ՝ այդ ռեժիմին վերջին 12-13 տարվա մեջ ընդհանրապես ոչ մեկ չի սատարում, ուղղակի ադմինիստրացիոն լծակների շնորհիվ վերարտադրվում են:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս