Իշխանությունները նահանջի ուղիներ են փնտրում. հաղթանակն անխուսափելի է դառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ իշխանությունները հստակ որոշում են կայացրել զիջումների գնալ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցում: Նրանք այլ ելք չունեն, քան որոշման կասեցումը կամ չեղյալ հայտարարումը, ինչը պահանջում են հունիսի 19-ից բողոքի ակցիա կազմակերպած երիտասարդները:

Եւ ահա «Ոչ թալանին» նախաձեռնության առաջ քաշած հարցի լուծման համար Սերժ Սարգսյանի իշխանությունն ունի երկու տարբերակ. կայացնել քաղաքական որոշում՝ ռուսական ընկերությանը պարզապես «չորելու» տարբերակով (սա, իհարկե, այնքան էլ հավանական զարգացման սցենար չէ) կամ գտնել ներդրող (ներդրողներ), ովքեր իրենց վրա կվերցնեն ՀԷՑ-ի կուտակած պարտքերը մարելու եւ էլ.էներգիայի սակագինը չբարձրացված տարբերակին թողնելու ծանր գործառույթը: Բայց այս պահի դրությամբ դեռ ՀՀ Կառավարությանն ու ՀՀ նախագահի նստավայրի համապատասխան աշխատակիցներին դեռ չի հաջողվել ներդրողներ գտնել:

Ինչպես տեղեկացրել էինք, այսօրվա ընթացքում «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը բանակցութուններ է վարում «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հետ` Հայաստանի էլեկտրական ցանցերը գնելու շուրջ: Պարզվում է՝ և՛ ռուսական, և՛ հայկական կողմը խնդրում, հորդորում է ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին, որպեսզի նա գնի ՀԷՑ-ը եւ հնարավոր լինի հարցը փակել ու մեղմել Հայաստանում սրված քաղաքական ու քաղաքացիական իրավիճակը:

Սակայն Armlur.am-ի ունեցած տեղեկություններով, Սամվել Կարապետյանը պահանջել է միջազգային աուդիտորական եւս մի ընկերության պատվիրել՝ ուսումնասիրելու բարոյապես և տնտեսապես մաշված ՀԷՑ-ի գործունեությունն ու հնարավորությունը, որպեսզի հասկանա, թե ինչքան ներդրումներ անելուց հետո հնարավոր կլինի խելքի բերել տարիներ շարունակ թալանով զբաղված ընկերության գործունեությունը, որպեսզի քաղաքացին չտուժի:

Այս համատեքստում ամենևին էլ պատահական չէ, որ օրումեջ հայտարարություններ են լինում, թե «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող սուպերմարկետրներում ռումբ կա տեղադրված: Այդ լուրերն ու դրանց հետեւող տարհանումները, բնականաբար, զգալի վնասներ են հասցնում «Տաշիր» ընկերությանը: Թե ո՞վ է դրանց կոնկրետ հեղինակրը՝ տարբեր վարկածներ կան:

Ինչևէ, Armlur.am-ի աղբյուրների փոխանցմամբ, իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկում են իրավիճակից դուրս գալու ելքերը եւ արդեն կայացվել է որոշումը, որ պետք է հասարակության պահանջները բավարարվեն, որպեսզի շուրջօրյա հանրահավաքները այլ՝ իրենց համար առավել վտանգավոր դաշտ չտեղափովեն:

Արփինե Թովմասյան




Լրահոս