ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ Օռնելա Մուտիի սոցցանցից
Իտալական կինոյի ճանաչված եւ սիրված դերասանուհի, երեւանյան «Ոսկե ծիրան» 12֊րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր Օռնելա Մուտին տպավորված է հայաստանյան այցից: Այս մասին են վկայում սոցկայքերում դերասանուհու գրությունները: Վերջինս մասնավորապես սոցցանցերից մեկի իր էջում լուսանկար է հրապարկել, որում նա Սերժ Սարգսյանի ու նրա դստեր հետ է: «Գեղեցիկ երեկո իմ առանձնակի ընկեր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա քաղցրիկ դստեր՝ Անուշ Մինասյանի հետ»,- գրել է Մուտին:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ամուսնալուծության պետական գրանցման համար, եւ խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ժամկետ է նախատեսված այդ գործընթացի համար:
Ալլա Տոնոյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ալլա Տոնոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են`
1. անձը հաստատող փաստաթուղթ,
2. ամուսնության վկայական (առկայության դեպքում),
3. ամուսինների համատեղ դիմումը՝ ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար,
4. ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող, կամ անգործունակ, կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով,
5. ամուսինների դիմումը եւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ: Դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանում 2014թ. գրանցվել է 18 հազար 912 ամուսնություն՝ 2013-ի համեմատ աճելով 3%-ով: Ըստ պաշտոնական տվյալների՝ ամուսնալուծությունների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 4498, տարեկան կտրվածքով աճը՝ 19.8%, իսկ ամուսնալուծությունների գործակիցը կազմել է 1,5 պրոմիլի, 2013 թվականի 1.2 պրոմիլի փոխարեն: Հետեւաբար, 2014 թվականին գրանցված 1000 ամուսնությունից 238-ն ամուսնալուծվել է, 2013թ. 205-ի փոխարեն:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե աշխատողի դրույքաչափը պակաս է մեկ դրույքից, ապա սոցիալական փաթեթից օգտվելու ինչպիսի՞ սահմանաչափ է կիրառվում տվյալ աշխատողի համար:
Լիանա Պողոսյան (28 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս (նորմալ աշխատաժամանակից պակաս՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն կրճատ տեւողությամբ աշխատաժամանակի) աշխատանքային ծանրաբեռնվածություն (աշխատաժամանակ) ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ` կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոս աշխատաժամանակ ունենալու դեպքում) սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի գումարի կեսը):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ առողջության ապահովագրության ծառայության համար սահմանված է բազային ծածկույթ՝ 52.000 դրամի չափով: Ի դեպ, առողջության ապահովագրության ծառայությունը պարտադիր չէ զինվորականների, հաշմանդամների, աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 36.00 եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների համար: