Տարոն Մարգարյանը հանդիպել է մի շարք քաղաքների քաղաքապետերի և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով պաշտոնական պատվիրակությունների կազմում Երևան ժամանած մի շարք քաղաքների քաղաքապետերի և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը կարևորել է Համահայկական խաղերի անցկացումը և խաղերի մասնակից երկրների ու քաղաքների տարեցտարի ընդլայնվող աշխարհագրությունն ու պատվիրակությունների քանակը:

«Ու հատկապես այս տարի, երբ համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Համահայկական խաղերի անցկացումն առանձնակի խորհուրդ է ստանում մեզ համար: Այն, ըստ էության, մարզական մեծ տոն է, որը փոխադարձ կապերն ու գործակցությունը  ընդլայնելու, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին մեկտեղելու, միմյանց հետ կիսվելու, մեկս մյուսի հաջողություններով ուրախանալու հրաշալի առիթ է ընձեռում»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ Երևանի քաղաքապետարանն արել է հնարավորը, որպեսզի խաղերի բոլոր մասնակիցների համար ապահովվի ինչպես մարզվելու, այնպես էլ ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

«Այստեղ ներկաներից ոմանց հետ նախկինում առիթներ ունեցել եմ հանդիպելու: Իսկ բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են Երևանում, հուսով եմ՝ արդեն իսկ հասցրել են զգալ մեր քաղաքի հյուրընկալ ջերմությունն ու հետագայում կրկին կցանկանան այցելել Երևան: Ու վստահ եղեք, որ մեր դռները միշտ բաց են մեր բոլոր բարեկամների համար»,- նշել է քաղաքապետն ու հանդիպման բոլոր ներկաներին հրավիրել այս տարվա հոկտեմբերին կրկին այցելել Երևան՝ մասնակցելու «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին:

Հանդիպմանը ներկա Վանի համաքաղաքապետ Հաթիջե Չոբանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրենք նույնպես կարևորում են մարզական և մշակութային  ոլորտում համագործակցությունն ու դրա ընդլայնումը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ այդպիսի հարաբերություններն ինքնատիպ կամուրջ են ժողովուրդների միջև, և հարկավոր է անել հնարավորը՝ այդ կամուրջն ամրացնելու համար:

«Ինչպես իմ, այնպես էլ այստեղ ներկա Դիարբեքիրի ու Բիթլիսի քաղաքապետերի անունից ուզում եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք պատրաստակամ ենք խորացնելու Երևանի հետ մեր քաղաքների ու բնակիչների կապը՝ այդպիսով նաև փաստելով, որ մեր ժողովուրդներն իրոք կարող են լինել լավ բարեկամներ: Մենք հստակ գիտակցում ենք, որ անցյալի որոշ դաժան իրադարձություններն իրենց հետքն են թողել: Բայցև պետք է ամրագրենք, որ դա տվյալ ժամանակի իշխանությունների հանցանք է եղել, այլ ոչ թե այսօրվա սերնդի, որն իրոք պատրաստ է հարևանների հետ անկեղծ ու անշահախնդիր բարեկամության: Ու մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մեր երկու ժողովուրդների միջև հաստատենք ու ամրապնդենք բարեկամական սերտ կապերը: Համոզված եղեք, պարոն քաղաքապետ, որ Երևանից մենք շատ ջերմ տպավորություններով ենք վերադառնալու մեր քաղաքներ ու մեզ համար իսկապես մեծ պատիվ կլինի մի օր էլ Ձեզ հյուրընկալել մեզ մոտ»,- ավարտելով խոսքը՝ նշել է Վանի համաքաղաքապետը:

Հանդիպանը ներկա ԱՄՆ Գլենդելի քաղաքային կառավարման խորհրդի անդամ Վարդան Գասեպյանը և Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մայիլիանն իրենց հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետին են փոխանցել Գլենդելի և Բեյրութի քաղաքապետերի ողջույնները: Վերջիններս նույնպես կարևորել են Համահայկական խաղերի դերը ինչպես հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, այնպես էլ սփյուռքահայ երիտասարդության շփումների ակտիվացման և, դրանով նաև հայապահպանության գործին նպաստելու տեսանկյունից:

Այնճարի քաղաքապետ Կարապետ Փամբուկիանն էլ նշում է, որ Այնճարը, որպես բացառապես մուսալեռցիների ժառանգներով բնակեցված քաղաք, առանձնակի հպարտությամբ է մասնակցում այս խաղերին:

«Խորհրդանշական է, որ այս տարի խաղերը համընկան Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս տարի նաև Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակն է, ու այդ առթիվ մենք հատուկ միջոցառումներ ենք նախատեսել անցկացնել և, օգտվելով առիթից, ուզում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, սիրով հրավիրել մասնակցելու այդ միջոցառումներին»,- նշել է   Կարապետ Փամբուկիանը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վերահաստատել է գործընկերային կապերն ընդլայնելու Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունն ու բոլոր հյուրերին մաղթել  հաճելի օրեր Երևանում:




Լրահոս