Ադրբեջանական զինուժը շարունակ կրակի տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Հայկական կողմը, ադրբեջանական սադրանքներն անպատասխան չի թողնում: Սահմանամերձ գյուղերի բնակիչները, ինչպես և նախորդ դեպքերում, այս անգամ ևս հպարտորեն կանգնած են սահմանին` զինվորի կողքին:
Armlur.am-ի հետ զրույցում սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը ասաց, որ այսօր գյուղում կրակոցներ չեն եղել և այս պահի դրությամբ ևս կրակոցներ չկան: «Մեր խաղաղ կյանքով ապրում ենք: Ի՞նչ է եղել: Ամեն ինչ սովորական է: Մեր դպրոցները, մանկապարտեզները գործում են, էնա երեխեն խաղում է, ի՞նչ է եղել: Մենք վստահ ենք, որ լավ բանակ ունենք, ուժեղ են, ցանկացած պահի էլ կարող են հակադարձ գործողություններ ձեռնարկել: Սահմանները անառիկ են, պաշտպանված ենք: Իմացեք, որ սահմանի ժողովուրդն ամուր է, պետք չէ խուճապ առաջացնել»,- նշեց նա:
Իսկ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ նորմալ է, խուճապ չկա. «Ժողովուրդը չի լքում սահմանը, ժողովուրդը իրենց տներում է»,-հավելեց նա:
Արփինե Թովմասյան