Ինչ ավարտ կունենա իրար դեմ դուրս եկած ՀՀԿ-ականների պայքարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան մոտենում է սեպտեմբերի 13-ը՝ Իջեւան համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների օրը, այնքան Տավուշի մարզկենտրոնում լարվածությունն աճում է: Օգոստոսի 28-ին Իջեւանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Վարուժան Ներսիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») եւ 314 («Պաշտոնեական կեղծիքը») հոդվածներով:
Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչությունը: Գործը վերաբերում է Իջեւանի շախմատի տան առաջին հարկի տնօրինմանը:

1987թ. Իջեւանի քաղխորհրդի որոշմամբ այն հանձնվել է մի կոոպերատիվի՝ որպես սրճարան աշխատեցնելու համար: 2001թ. այն վերադարձվել է համայնքի հաշվեկշիռ եւ նախատեսվել որպես մանկական գրադարանի մասնաճյուղ: Սակայն 2006թ. այդ տարածքը տրվել է Իջեւանի ավագանու նախկին անդամ, այժմ հանգուցյալ Գարիկ Սուքոյանի դստերը: Նշենք, որ Գ. Սուքոյանը Վարուժան Ներսիսյանի մտերիմներից էր: Ինքը` Վ. Ներսիսյանը, այդ քրեական գործի հարուցումը համարում է քաղաքապետի ընտրությունների հետ կապված իրեն ճնշելու փորձ եւ հաշվեհարդար: Նա հավաստիացնում է, որ այդ տարածքի վերաբերյալ բոլոր փաստաթղթերն առկա են, եւ ամեն ինչ օրինական է:

«Ժողովուրդը» տեղեկացավ, որ օգոստոսի 31-ին աշխատանքից ազատել եւ ոստիկանության կադրերի ռեզերվում են գրանցել Իջեւանի պահակային բաժնի պետ Գագիկ Գրիգորյանին, ով օգոստոսի 26-ին իր ենթականերին հավաքել էր եւ հրահանգել Վարուժան Ներսիսյանի համար քվեներ բերել: Գրիգորյանն իր աշխատակիցներին թղթեր էր բաժանել, որտեղ պետք է գրվեին Վ. Ներսիսյանին ընտրելու պատրաստ անձանց տվյալները: Հիշեցնենք, որ ոստիկանները, ըստ օրենքի, իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ:

Գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասում է, որ եթե Վ. Ներսիսյանը չհանի թեկնածությունը, սեպտեմբերի 13-ին խայտառակ պարտություն է կրելու: Իսկ Վ. Ներսիսյանն էլ հակադարձում է, թե անցած 4 տարում Իջեւանի խնդիրները չեն լուծվել, այդ պատճառով էլ իջեւանցիներն իրեն հորդորել են դնել թեկնածությունը:
Նշենք, որ Վ. Ներսիսյանը 2011 թվականից ՀՀԿ անդամ է, իսկ Վ. Ղալումյանը 2011թ-ին, լինելով ԲՀԿ անդամ, նոյեմբերի 13-ին այդ կուսակցության մեծ աջակցությամբ ընտրվեց քաղաքապետ: Այս տարվա փետրվարին՝ Գագիկ Ծառուկյանի հետ կապված հայտնի դեպքերից հետո, սակայն, Ղալումյանը դուրս եկավ ԲՀԿ-ից եւ հունիսի կեսին դարձավ ՀՀԿ անդամ: Նա քաղաքապետի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ-ի Իջեւանի տարածքային խորհրդի կողմից, իսկ Վ. Ներսիսյանն ինքնառաջադրվել է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս