«Դետք» խմբում, ցավոք, մեծահարուստի որդի չկա. պրոդյուսեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարին հանրությանը ներկայացավ նորակազմիկ «Դետք» խումբը, որի երիտասարդ անդամները նոր երանգ մտցրին հայկական փոփ մշակույթում: Խմբի պրոդյուսեր Արման Մելքոնյանը (AMP) «Ժողովուրդ»-ին պատմել է տղաների առաջիկա ծրագրերի մասին, նա անդրադարձել է նաեւ այն խոսակցություններին, թե խմբում ընդգրկված են մեծահարուստների որդիներ, այդ պատճառով էլ նրանց առջեւ բոլոր դռները բաց են:

-Արմա՛ն, «Դետք»-ը հայաստանյան միապաղաղ փոփ դաշտում ի՞նչ նոր խոսք կարող է ասել:

-Տղաները ներկայացնում են երաժշտություն` իրենց նախընտրած թեմաներով. այն որակյալ է, բայց, միեւնույն ժամանակ, հասանելի է մարդկանց, հատկապես` երիտասարդներին: Երաժշտության միջոցով նրանք բարձրացնում են իրենց հուզող հարցերը: Նրանք իրենց գործն են անում` փորձելով ոչ ոքի չնմանվել:

-17-18 տարեկան տղաներն անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը, Շուշիին եւ այլ լուրջ թեմաների. սա պարտավորեցնող չէ՞:

-Կարծում ենք` Ցեղասպանության թեմային միայն հասուն տարիքի ստեղծագործողները չէ, որ պետք է անդրադառնան. բոլորս մեր հնարավորությունների սահմանում փորձում ենք այդ հարցը բարձրացնել եւ ներկայացնել աշխարհին: Ընդ որում, պարտադիր չէ, որ թեման ներկայացվի տխուր, լալագին կերպով: Իսկ Շուշիի մասին պետք է երգեն հենց երիտասարդները, որպեսզի իրենց սերնդակիցները գնան այնտեղ, ճանաչեն այն ոչ միայն որպես պատերազմի ճիրաններից դուրս եկած քաղաք, այլեւ մի տեղ, որտեղ կա կյանք եւ գեղեցկություն: Ի դեպ, Արցախում Շուշիին նվիրված մեր նոր տեսահոլովակը բավական լայն տարածում է գտել:

-«Դետք»-ն արդեն ձայնագրել է իր առաջին սիրային երգը, որը կոչվում է «Երկու թռչուն». ինչո՞վ է այն առանձնանալու:

-Այն տարբերվելու է իր թեթեւությամբ, երգը սիրո մասին է, բայց ոչ կոտրված սիրո կամ դաժան սրտերի… (ծիծաղում է): Երաժշտությունն, ի դեպ, գրել է խմբի անդամ Արման Պետրոսյանը, այն թեթեւ եւ թեւեր տվող երգ է:

-«Դետք»-ի թե՛ առաջին, թե՛ երկրորդ տեսահոլովակներում երեւում է, որ դրանց վրա բավական մեծ գումարներ են ծախսվել. հարց է ծագում` սկսնակ երգիչներին որտեղի՞ց այդքան գումար:

-Մենք գործում ենք հատուկ պլանի համաձայն, օրինակ` Ցեղասպանությանը նվիրված երգի համար պահանջվող ծախսերի առնչությամբ մշակույթի նախարարությունը ցուցաբերել է իր օգնությունը, մեզ օգնել է «Փյունիկ» հիմնադրամը, ԼՂՀ մշակույթի նախարարությունը, որն աջակցել է նկարահանումներ կատարելու հարցում ռազմավարական նշանակություն ունեցող կետերից, եւ այլն…Մենք էլ հեշտությամբ չենք գտել հովանավորների. նրանք մինչեւ չեն տեսել մեր արած գործի որակը, չեն աջակցել:

-Ասում են` խմբում մեծահարուստների երեխաներ են ընդգրկված, ի՞նչ կասեք:

-Երեւի ճիշտ կլինի, որ տղաներին առանձին-առանձին ներկայացնեմ: Ներսես Ավետիսյանն ապրում է Գառնիում, երգել եւ աշխատել է Երգի պետական թատրոնում, ծնողները սովորական մարդիկ են, մայրն ուսուցչուհի է, բավական ստեղծագործ անձնավորություն: Արեգ Շահինյանը հետաքրքրված է ամենատարբեր բնագավառներով, նրա հետ հանդիպել եմ ուսումնական քննարկման ժամանակ, ինձ շատ է գրավել նրա խարիզման, երբ խումբը հավաքվեց, որոշեցի, որ ինքն էլ պետք է լինի դրա կազմում: Ասում են, թե նա մեծահարուստի` La Galleria խանութի սեփականատիրոջ տղան է, ասեմ, որ նման բան, ցավոք սրտի, չկա (ծիծաղում է), այլապես խմբի անդամները պետք եղած ժամանակ այդ խանութից զգեստներ կհագնեին… Քանի որ տղաներն անչափահաս էին, նախքան խումբը ձեւավորելը, ես հանդիպել եմ նրանց ծնողների հետ, եւ ամեն մեկին լավ ճանաչում եմ: Արման Պետրոսյանն էլ երգիչ Տիգրան Պետրոսյանի որդին է, վերջինս էլ ռեստորանային երգիչ չէ, նա օգնում է մեզ իր պրոֆեսիոնալ խորհուրդներով, առհասարակ, չի միջամտում խմբի գործունեությանը, բայց հսկում է, որ երաժշտական առումով մատուցվի որակյալ արտադրանք:

-Տղաները նշել են, որ նպատակ ունեն ճանաչվելու ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում. ըստ Ձեզ` որքանո՞վ է դա ռեալ:

-Կարծում եմ` տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարաշրջանում եթե խումբն իր գործունեությամբ համապատասխանի այն չափանիշներին, որոնք պահանջում է արեւմուտքը կամ արեւելքը, եթե տղաները կարողանան ապահովել որակ եւ հասանելիություն նաեւ դրսում, դա տեղի կունենա. անհնարին ոչինչ չկա: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ World Music Awards-ն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել էր Շուշիին նվիրված «Դետք»-ի տեսահոլովակը եւ մեսիջ էր գրել, ըստ որի՝ հայկական նորաստեղծ խումբը լավ աշխատանք է կատարել: Հիշեցնեմ, որ նախկինում World Music Awards-ի հետ կապվել է միայն մեր աստղերից Սիրուշոյի անունը, ով նոմինացվել էր երեք անվանակարգում: Այնպես որ, արտերկրում ճանաչվելու առումով ամեն բան դեռ առջեւում է…

Աննա Բաբաջանյան




Լրահոս