«ՈՉ»-Ի ՃԱՄԲԱՐՈՒՄ ՄՈԲԻԼԻԶԱՑՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների դեմ միասնական ճակատի ձեւավորումը սարերի հետեւում չէ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 12-ին տեղի կունենա համաժողով, որի ժամանակ կհայտարարվի «Ոչ»-ի ճակատի ձեւավորման մասին: Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ այդ պայքարում մասնակցություն են ունենալու «Ժառանգություն» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրեսը» եւ «Հայազն»-ը: Նշենք, որ համաժողովը կազմակերպում է «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձառնեւթյունը, որի անդամներն են ՀԱԿ անդամ Արշակ Մուսախանյանը, Դավիթ Հովհաննիսյանը եւ «Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանը:

Ի դեպ, Հրայր Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժվարացավ հստակ պատասխանել` ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը արդեն հանդիպե՞լ են կամ ընդհանուր հայտարարի եկել են, թե ոչ: «Ես հիմա չեմ կարող խոսել որեւէ կուսակցության անունից: Ես կարող եմ խոսել «Չեք անցկացնի» նախաձեռնության անունից: Իսկ նախաձեռնությունը կազմակերպում է համաժողով, որին հրավիրված են լինելու նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները»,- նշեց նա` այնուամենայնիվ հավելելով, որ իր տեղեկություններով՝ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» դեռ չեն հանդիպել: Նրա խոսքով` համաժողովից հետո իրենք հայտարարությամբ հանդես կգան: Հարցին` նախնական պայմանավորվածություն չկա՞ կուսակցությունների միջեւ՝ հաշվի առնելով, որ ընդհանուր համաժողովի են մասնակցելու, Մանուկյանը դրական պատասխանեց, սակայն այլ մանրամասներ չկարողացավ նշել՝ ինտրիգը թողնելով համաժողովին:
Իսկ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այս պահին ակտիվ հանդիպումների մեջ են հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների հետ: «Մոտ օրերս կամփոփենք մեր համագործակցությունը, ու նոր Սահմանադրության դեմ ուժերը կուրվագծվեն»,- ավելացեց Ա. Մկրտչյանը:
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը ոչ շատ վաղուց համախմբված էին եռյակ ձեւաչափի մեջ, սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, այդ միությունը որեւէ դրական արդյունք չունեցավ: Դժվար է պատկերացնել, թե ինչպես են համագործակցելու այս երկու քաղաքական ուժերը, որոնք բազմիցս քննադատություններ են հնչեցրել միմյանց հասցեին: Հավելենք, որ երեկ ամբողջ օրը փորձեցինք կապ հաստատել ՀԱԿ ներկայացուցիչների հետ, սակայն ապարդյուն:
Իսկ, ահա, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Ոչ»-ի ճամբարում կուսակցությունը ակտիվ դերակատարում է ունենալու: «Համաժողովին միանշանակ կմասնակցենք, մինչ այդ, կարծում եմ, առաջարկներ կլինեն: «Չեք անցկացնի» նախաձեռնության հետ հանդիպում ունեցել ենք եւ դիրքորոշումների միասնություն կա: Համենայնդեպս, կմասնակցենք: Դա համարում եմ դիմադրության օջախներից մեկը, եւ մեր մոտեցումները կներկայացնենք այդտեղ»,- ասաց նա:
Իսկ ՀԱԿ-ի հետ համագործակցելու վերաբերյալ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ համագործակցելու են այնպես, ինչպես մինչեւ հիմա են համագործակցել. «Որեւէ մեծ խնդիր այդ առումով չեմ տեսնում»:
Հիշեցմանը, որ նախկինում քառյակ ապա եռյակ ձեւաչափում համագործակցությունը տապալվեց, Մարտիրոսյանն արձագանքեց. «Դե, հիմա գետը ամեն անգամ գերան չի բերում: Մենք օրակարգի շուրջ ենք համագործակցում եւ ոչ թե անձերի եւ կազմակերպությունների շուրջ: Այս պարագայում կա կոնկրետ խնդիր եւ համագործակցության լայն դաշտ»:

ՔՐԻՍՏԻՆԵ ԱՂԱԼԱՐՅԱՆ

 

 

 

 

 
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ԵՆ

Հայաստանն ու Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ են սկսել, քանի որ երկու երկրների սահմանին լարվածությունը վերջին օրերին աճել է, գրում է Eurasianet.org-ը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտարարել էր, որ 65.000 զորք է մոբիլիզացնում՝ ստուգելու սեփական զինուժի մարտունակությունը:

Զորավարժություններին կմասնակցեն նաեւ 700 զրահապատ մեքենաներ, 500 հրթիռային ու ականանետային համակարգեր, 40 ինքնաթիռներ ու 50 ուղղաթիռներ, ինչպես նաեւ՝ 20 ռազմանավ: Կայքը նշում է, որ զորավարժությունները նախօրոք հայտարարված չեն եղել, իսկ Ադրբեջանի ՊՆ էլ ոչ մի բացատրություն չի տվել, թե ինչու է որոշել անսպասելի կերպով լայնամասշտաբ զորավարժություններ սկսել: «Զորավարժությունները սկսվել են, քանի որ Հայաստանը աննախադեպ զորավարժություններ է սկսել:
«Շանթ 2015» կոչվող զորավարժություններն ավելի շատ քաղաքական են, քան ռազմական, որոնց նպատակն է ստուգել, թե ինչպես են իրենց պահելու կառավարության տարբեր ճյուղերը պատերազմի ժամանակ»,- գրում է Eurasianet.org-ը՝ շեշտելով, որ զորավարժություններին մասնակցում են նաեւ ՀԱՊԿ-ից: Միմյանց հետ մրցակցող զորավարժությունները սկսվեցին, քանի որ երկու կողմերն էլ հայտնում էին զինադադարի ռեժիմի խախտումների ու դրանց արդյունքում սահմանամերձ գյուղերի բնակչության շարքում զոհերի մասին: Հրատարակչությունը շեշտում է, որ զեկույցների մանրամասներն հակասական են ու նման պատերազմի մառախուղի, սակայն անվիճելի է, որ կա լարվածության մեծացում: Չնայած հայկական կողմը ջանում է բացատրել, որ զորավարժությունները ոչ մի կապ չունեն սահմանի լարվածության հետ, եւ որ դրանք նախագահ Սարգսյանի հետ համաձայնեցված էին դեռեւս 2014 թ-ի նոյեմբերից, այնուամենայնիվ, զորավարժությունները նպաստեցին սահմանի լարվածության աճին, ասել է commonspace.eu-ի վերլուծաբանը:
«Փաստերն ու զորավարժության շրջանակներում իրականացված գործողությունները միախառնվել են իրար, հատկապես Տավուշի մարզում, որտեղ մարդիկ շփոթված են, քանի որ չեն հասկանում, թե որ գործողություններն են կատարվում որպես զորավարժության մի մաս, իսկ որոնք որպես սահմանին լարվածության հետեւանք: Ադրբեջանում եւս նման խառնաշփոթն անխուսափելի կլինի զորավարժությունները սկսելուց հետո»,-գրում է պարբերականը:

ՏԱԹԵՎ ՖՌԱՆԳՅԱՆ

 

 

 

 

ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ
Սեպտեմբերի 2-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղը: Այն Ադրբեջանի տարածքից բաժանում է 1980 թվականին գործարկված, 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Ջողազի ջրամբարը: Սեպտեմբերի 2 -ին արհեստական լճի ձախ ափին գտնվող ադրբեջանական հենակետերից գնդացրային եւ ականանետային կրակ է արձակվել Բերքաբերի տների եւ գյուղի գերեզմանատան ուղղությամբ: Բերքաբերի բազմաթիվ առանձնատների պատեր վնասված են, ականը խոցել է Գոհար Ղումաշյանի տան տանիքը: Գոհարն ասում է, որ իր ամուսինը, որդին Ռուսաստանում արտագնա աշխատանքի են: Նա իր տանը բնակվում է ամուսնու քրոջ հետ, ով զինվորական ծառայություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանագծում: Սեպտեմբերի 2-ի երեկոյան ադրբեջանական արկը խոցել է Գոհարի տան տանիքը՝ ջարդելով ծածկի ազբոշիֆերները: Գոհարը անձրեւներից պատսպարվելու համար տանիքի մեծ անցքը փակել է ցելոֆանով: Նա հույս ունի, որ պետական բյուջեի աջակցությամբ կկարողանա նորոգել տան տանիքը: Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանի ուղեկցությամբ «Ժողովուրդ»-ի թղթակիցս եղա գյուղի գերեզմանատանը: Այդտեղից, ինչպես ափի մեջ, երեւում են ադրբեջանական հենակետերը: Ադրբեջանական զինուժը գնդակոծել եւ հրետակոծել է Բերքաբերի գերեզմանները: Գերեզմանատան շիրմաքարերից մեկը գնդակներից բազում տեղեր խոցվել է, ականի հարվածից մեկ այլ գերեզմանաքարի եզրապատն է քանդվել, վաղամեռիկ կնոջ լուսանկարը ադրբեջանական գնդակից խոցվել է:

 

ԴԱՍԵՐ ՉԿԱՆ
Սեպտեմբերի 7-ին ուսումնական պարապմունքներ չեն կայացել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր, Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի, Բաղանիս գյուղերում: Կոթիի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից մեկն ասաց, որ ադրբեջանական արկը խոցել է գյուղի միջնակարգ դպրոցի պատի հետեւի մասը: Ադրբեջանական հերթական գնդակոծությունից հետո Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի աշակերտները տեղափոխվում են մարզի քաղաքներ կամ Երեւան: Հետո նրանց մի մասը չի վերադառնում հայրենի գյուղեր, քանի որ ադրբեջանական զինուժի պարբերաբար գնդակոծությունների հետեւանքով սահմանամերձ գյուղերում ուսումնական գործընթացը բնականոն չի ընթանում: Դրա հետեւանքով տարեցտարի նվազում է Տավուշի սահմանամերձ գյուղերում սովորող աշակերտների թիվը: Սահմանամերձ գյուղերի դպրոցներում ստիպված ձեւավորվում են երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս