«Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար անհրաժեշտ է ոչ թե 50-60, այլ 200-300 միլիոն դոլար: Այս մասին այսօր, ի պատասխան Լևոն Զուրաբյանի հարցի, նշեց էներգետիկայի և բնական պաշարների հարցերի նախարար Երվանդ Զախարյանը:
«Որոշում «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ կառավարության կողմից կայացված չէ, քննարկումները շարունակվում են: ՀՀ վարչապետի կողմից մի քանի անգամ շեշտվել է այդ հարցը, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկություն` գործարանի վերագործարկման հետ կապված»,- նշեց Երվանդ Զախարյանը:
Նա հավելեց, որ վերջին երկու տարիներին որևէ կոնկրետ առաջարկություն որևէ ներդրողների կողմից չի եղել, թեպետ առաջարկներ կան, սակայն եղել են ցանկությունների տեսքով: Երվանդ Զախարյանը ավելացրեց, որ ՀՀ կառավարությանը ձեռնտու չէ գործարանի չաշխատելը, քանի որ դրա պահպանության ծախսերի վրա ահռելի գումարներ են ծախսվում:
Լևոն Զուրաբյանն էլ նշեց, որ շատ տգեղ բան է արել կառավարությունը, որ գործարանի աշխատակիցներին պարտադրել է աշխատավարձերը ստանալու դիմաց հրաժարվել տուգանքներից: