ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ տարբերություն կա հայ առաքելական եւ ռուս ուղղափառ եկեղեցիների միջեւ:

Տիգրան Ավետիսյան (25 տարեկան, մագիստրոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայ եւ ռուս եկեղեցին քույր եկեղեցիներ են, այլ կերպ ասած՝ կոչվում են ընդհանրական, միասնական, ուղղափառ եկեղեցիներ: Միասնական եկեղեցի հասկացությունը սահմանված է Նիկիական հավատի հանգանակի մեջ: Սա այն արձանագրությունն է կամ հաստատումը, որն ընդունված է բոլոր քրիստոնյա եկեղեցիների կողմից: Միասնական եկեղեցի ասելով՝ հասկանում ենք ոչ թե թշնամություն առաջացնող այն գաղափարները, որ կան շատ եկեղեցիների մեջ, այլ այն բոլոր միասնական կապերը, որոնք ավելի ծանրակշիռ են: «Ուղղափառ» նշանակում է ճիշտ փառաբանող, ճիշտ ճանապարհի վրա՝ օրթոդոքսիա: Քանի որ մեր եկեղեցու անվամբ ցանկացել ենք շեշտել առաքելական սկիզբ ունենալու պարագան, ուստի, բնականաբար, ստացվում է, որ եթե մեր եկեղեցին առաքելահիմն է, ուրեմն ճիշտ ուղու վրա է եւ ուղղափառ է: Հայ եւ ռուս եկեղեցու մեջ դավանաբանական տարբերություն չկա, երկուսի գլուխն էլ Հիսուս Քրիստոսն է: Կան ծիսական որոշ տարբերություններ, որոնք հիմնականում ազգային առանձնահատկություններից են բխում, օրինակ՝ նրանք հաղորդության ժամանակ հացն ու գինին առանձին են տալիս, մեզ մոտ՝ միասին, տոմարական տարբերություններ կան եւ այլն:

Աղոթաբար՝ Անդրանիկ սարկավագ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեկ-երկու բառով, անշուշտ, դժվար է տարբերակել երկու եկեղեցիները, որոնց տարբերության մասին թերեւս հատորներով գրականություն կլինի: Այսուհանդերձ, խմբագրությանը պատասխանած սարկավագի պարզաբանումը, կարծում ենք, թերթային հնարավորության սահմաններում բավարարում է մեր ընթերցողի հետաքրքրասիրությունը:




Լրահոս