Ինչո՞ւ հենց վարչապետի ընտրության հետ կապված դրույթները նոր Սահմանադրության նախագծում մի քանի անգամ փոփոխվեցին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Քարնեգի հիմնադրամում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե ինքը գիտի ՀՀ հաջորդ առաջնորդի անունը, սակայն առայժմ այն չի հնչեցնում, արդեն որքան ժամանակ է` խռովել է Հայաստանի քաղաքական էլիտայի անդորրը: Ըստ որում, Ս. Սարգսյանի հայտարարությունը ինտրիգային էր ոչ միայն առաջնորդի անձի, այլեւ կարգավիճակի առումով: Ի վերջո, պարզ չէ, թե առաջնորդ ասելով` կոնկրետ որ պաշտոնի հավակնորդին նկատի ուներ Սարգսյանը` երկրի նախագահի, վարչապետի, թե ազգային ժողովի նախագահի:

Նկատենք, որ վերջինի հավանականությունը նոր Սահմանադրության նախագծում արված փոփոխություններից հետո զգալիորեն նվազեց, քանի որ արդեն հաստատված տարբերակում Աժ նախագահը զրկված է վարչապետի առաջադրման` ի սկզբանե իրեն տրված բացառիկ հնարավորությունից, ավելին` փոփոխված է նաեւ Աժ նախագահի` ողջ լիազորությունների ժամկետով պաշտոնավարման մասին դրույթը: Ինչ վերաբերում է երկրի նախագահի ինստիտուտին, ապա այստեղ, ընդհակառակը, հաստատված տարբերակով լիազորությունների զգալի մեծացում է առկա: Սակայն չնայած դրան` նոր Սահմանադրությամբ երկրի նախագահը որեւէ կերպ չի կարող համարվել երկրի առաջնորդը:

Ուստի մնում է վարչապետի ինստիտուտը, քանզի հենց վարչապետին են վերապահված ազդեցության այն լծակները, որոնց տիրապետող անձը, այսպես թե այնպես, դառնալու է երկրի առաջնորդը (իհարկե, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի «գենսեկային» կարգավիճակը չհաշված): Եվ պատահական չէ, որ հենց վարչապետի ընտրության հետ կապված դրույթները նոր Սահմանադրության նախագծում մի քանի անգամ փոփոխվեցին:
Այսպես՝ հուլիսի 15-ին հրապարակված նախագծում վարչապետի քաղաքացիության կամ նստակեցության ցենզի մասին որեւէ հիշատակում չկար: Իսկ արդեն օգոստոսի 4-ին հրապարակված տարբերակում հոդված 147-ի 1 կետը սահմանում էր, որ «վարչապետ կարող է նշանակվել վերջին յոթ տարում ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացին»: Ամենից զարմանալին, սակայն, այն է, որ արդեն նախագծի վերջնական` Աժ-ի հաստատած տարբերակում վարչապետին ներկայացվող այս պահանջը դարձյալ հանված է եւ թողնված է միայն «կառավարության անդամը (վարչապետը կառավարության ղեկավարն է) պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները» ձեւակերպումը: Ինքնին հասկանալի է, որ ցանկության դեպքում այս անորոշ պահանջը կարելի է մեկնաբանել տարբեր կերպ:

Թե կոնկրետ ում հավակնությունները զսպելու նպատակով օգոստոսին հրապարակված տարբերակում ավելացվեց 7-ամյա ցենզը, եւ ապա ինչպիսի հավաստիացումների եւ հաշվարկների արդյունքում այն հանվեց, թերեւս կարելի է միայն կռահել` հետեւելով մասնավորապես ռուսաստանաբնակ որոշ գործարարների քաղաքական նկրտումներին: Բայց որ այս հարցում էլ, ինչպես, ի դեպ, գրեթե միշտ, Սերժ Սարգսյանն իր համար թողել է խաղի զարգացման մի քանի տարբերակներ, ակնհայտ է:




Լրահոս