Armlur.am-ն ավելի վաղ, հղում կատարելով ՀՀ քննչական կոմիտեին, տեղեկացրել է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների կողմից, նախնական համաձայնությամբ, Երևանում մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ։
Քննության տվյալներով՝ ՉԺՀ-ի քաղաքացիներ Չյուին և Վանգին Երևան քաղաքում կամ Վրաստանի Հանրապետությունում բարձր վարձատրվող աշխատավարձով մերսման աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով` խաբեությամբ, իրականում` Երևանում սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ, 2014թ. հոկտեմբերին Չինաստանում հավաքագրել և Երևան են տեղափոխել ՉԺՀ 4 քաղաքացիների։
Վերջիններս պահվել են Երևանի Լենինգրադյան փողոցի վրա գործող հյուրանոցային համալիրում և մինչև դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածը ենթարկվել սեռական շահագործման։ Դեպքի առթիվ դեկտեմբերի 10-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Նույն օրը ձերբակալվել են ՉԺՀ քաղաքացիներ Չուան Ճոնգ ճիի Վանգը և Լիեն Ֆընգ Վան Չունի Չյուին՝ համապատասխանաբար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց սեռական շահագործման ենթարկելու (ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր) և նշված հանցագործությանն օժանդակելու (38-132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր) կասկածանքով։
Իրադարձությունները, կարծես, նոր ընթացք են ունենում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ չինուհի մեղադրյալը դատական հայց են ներկայացրել Քննչական կոմիտեի և ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Կիրակոսյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցել:
Հայցը վարույթ է ընդունվել և մակագրվել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանին: Նախնական դատական նիստը նշանակված է նոյեմբերի 31-ին: