ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՋՈՑՆԵՐ ՉՈՒՆԵՆ
Հայաստանի Կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ, պետական հիմնադրամի կողմից, «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից» (IFAD)-ից ստացված վարկային միջոցներով շուրջ մեկուկես տարի առաջ ավարտվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջեւան գյուղերի գազաֆիկացումը: Սակայն այդ գյուղերի բնակիչները դեռեւս չեն օգտվում երկնագույն վառելիքից: Բանն այն է, որ գյուղացիները փող չունեն, որպեսզի իրենց առանձնատներ գազատար խողովակ անցկացնելու աշխատանքների համար գազի ծառայության աշխատակիցներին վճարեն: Մեկ գծամետր խողովակ անցկացնելու համար բնակիչները պետք է վճարեն 3800 դրամ: Այդ գումարը ներառում է ե՛ւ խողովակի արժեքը, ե՛ւ աշխատողների վճարը: Մեկ առանձնատան համար գազաֆիկացման ծախսը կազմում է 60-120 հազար դրամ եւ ավելին՝ կախված գազատար ցանցից այդ տան հեռավորությունից: Նշենք, որ խորհրդային տարիներին այս գյուղերը, բացի Ոսկեպարից, գազաֆիկացված չեն եղել: Իսկ Ոսկեպարով անցնում էր Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող ադրբեջանական Յուխարի Աքսիբարա գյուղ տանող գազատարը, եւ դրա փոխարեն Ոսկեպարն ադրբեջանական գազն անվճար էր ստանում:

 

ԳՈՐԾԸ ՓԱԿՎԵՑ
Իջեւանի քաղաքապետի ընտրությունների օրը՝ սեպտեմբերի լույս 13-ի գիշերը, ոստիկանության Իջեւանի բաժնի շենքից մոտ 100 մ հեռավորությամբ քաղաքապետի ընտրությունների հետ կապված միջադեպ էր տեղի ունեցել: Մի քանի հոգով հարձակվել էին քաղաքապետի թեկնածու Վարդան Ղալումյանի կողմնակից, 1973թ. ծնված Աշոտ Քոսակյանի վրա, քաշքշել նրան, ավտոմեքենայով անցել նրա ոտքի վրայով: Նույն գիշերը՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 4-ն անց 25 րոպեին, Աշոտ Քոսակյանն աջ արմնկահոդի եւ ձախ սրունքի ստորին երրորդականի քերծված վերքերով տեղափոխվել էր Իջեւանի բժշկական կենտրոն: Դեպքի կապակցությամբ ոստիկանության Իջեւանի բաժինը հետաքննություն էր կատարում, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Երեկ, սակայն, «Ժողովուրդը» Տավուշի մարզի իրավապահներից տեղեկացավ, որ նշանակված փորձաքննության արդյունքներով՝ Ա. Քոսակյանին հասցված մարմնական օբյեկտիվ վնասվածքներ չեն արձանագրվել, Քոսակյանը իր դեմ ոտնձգության վերաբերյալ բողոք չի ներկայացրել եւ նշված պատճառներով քրեական գործի հարուցումը մերժվել է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 
ԿԱՐԵՎՈՐԵԼ Է
Երեկ Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Հայաստան-Իրան գործարար համաժողովը, որի ժամանակ ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հայտարարեց, որ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների խթանման համար շատ կարեւոր է տրանսպորտային հաղորդակցուղիների զարգացումը, մասնավորապես խոսքը վերաբերում է հյուսիս-հարավ, Հայաստան-Իրան ճանապարհների կառուցմանը:
Վարչապետը նաեւ նշեց, որ նոյեմբերին գործարար համաժողով կլինի նաեւ Թեհրանում, որին արդեն իսկ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել երկու երկրների գործարար հատվածները: Հավելենք, որ համաժողովին գերակշռում էին իրանցի գործարարները:

 

ՆՈՐ ՀԱՐՑԱՇԱՐՈՎ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հարցաշարում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Ըստ այդմ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի՝ 2015 թվականի մարտի 10-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման հարցաշարը հաստատելու մասին» թիվ 141-Ա/Ք հրամանի հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ:




Լրահոս