2016-ին առաջին անգամ չաշխատող մայրերին նպաստ կտրամադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ սոցիալական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում շարունակում է քննարկվել  «Հայաստանի Հանարպետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների և ծախսերի՝ սոցիալական ապահովության, նպաստների և թոշակների հարցը:

Այսօր ելույթ ունեցավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով նշեց` 2016-ի բյուջեն սոցիալական է, որի ապացույցն այն է, որ այդ ոլորտին ուղղվող ծախսերը կազմելու են բյուջեի ընդհանուր ծախսերի 29,5%-ը:

Նա նշեց, որ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը նախատեսված է 41.000 դրամի չափով, ինչը նախորդ տարվա ցուցանիշն է:

«Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված ակնկալվում է համակարգում ներդրողների թվաքանակի ավելացում, այդ պատճառով պետբյուջեի ֆինանսավորման ավելացում կլինի, և նախատեսվում է, որ այդ աշխատանքները շարունակական բնույթ կկրեն»,- հավելեց Ասատրյանը:

Հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է նաև, որ նպաստ կտրամադրվի չաշխատող մայրերին, ինչն առաջին անգամ է, իսկ շահառուների թիվը կանխատեսվել է 30.000, ծախսը՝ 3,9 միլիարդ դրամ. «Փաստորեն, այս ծրագրի միջոցով լուծում ենք տալիս այն խնդրին, որը բավականին երկար ժամանակ քննարկվում էր, մասնավորապես, թե երեխայի ծննդյան խնամքի հետ կապված ծախսերն ինչպես իրականացնել, այստեղ ծրագրերի հստակ տրամաբանություն կա. մենք ունենք նախածննդյան, հետծննդյան արձակուրդ աշխատող մայրերի համար, և դրա շրջանակներում վճարվում է հղիության և ծննդաբերության նպաստ: Փաստորեն, ներմուծեցինք նպաստ չաշխատող մայրերի համար, նախատեսեցինք, որ նույն ժամանակահատվածի համար չաշխատող մայրերը, ունենալով ծնունդօգնության հավաստագիրը, նաև կունենան այդ գումարի ստացման իրավունքը, որը 2016 թվականի հունվարից կկազմի շուրջ 126.600 դրամ»,- նշեց Արտեմ Ասատրյանը:




Լրահոս