Արդեն հայտնել էինք, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը Նորք-Մարաշում ձերբակալել են երևանում ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակներ ունեցող 10 մարդու, որոնց մեծ մասն արտասահմանցիներ են: Ըստ հաղորդագրությունների, նրանք զինված են եղել «մինչև ատամները»: ԱԱԾ-ի հաղորդագրությունն իսկապես խուճապ առաջացրեց հանրության շրջանում և բազմաթիվ հարցադրումներ, որոնց պատասխանները մինչև այժմ էլ չի ստացվել:
Ըստ ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևան քաղաքի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:
Երեկ տեղեկություններ տարածվեցին, թե զինաթափված ահաբեկչական խմբի մեջ սփյուռքահայեր են եղել և հանցախումբն առնչություն ունի «Նոր Հայաստան»-ի և «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների հետ, իսկ ավելի ուշ էլ պարզվեց, որ ձերբակալված աղջիկներից մեկը շատ նման է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի ակտիվիստներից մեկին: Ավելի ուշ պարզվեց, որ վնասազերծված խմբավորումը կարող է ունենալ Քեսաբի պաշտպանության համար ստեղծված «Հայոց Վահան» խմբի հետ, որի ղեկավարի անուն ազգանունը համընկնում է վնասազերծված խմբի ղեկավարի տվյալների հետ:
Կարող ենք փաստել, որ Հայաստանի իրավապահ համակարգը նրանց վնասազերծելով իսկապես հրեշավոր վտանգներ է կանխել: Սակայն պետք է ընդգծել, որ Հայաստանում այսպիսի դեպքերը փոխկապակցված են լինում քաղաքականության և քաղաքական իրավիճակի հետ:
Առաջին հայացքից դա կարող է անտրամաբանական թվալ, բայց այս ամենը տեղի է ունենում սահմանադրական հանրաքվեից մի քանի օր առաջ: Այն, որ սահմանադրական փոխոխությունների հանրաքվեից առաջ ընդդիմադիրներին ճանապարհից հեռացնելու խնդիր կա իշխանության առաջ դրված, դա միանշանակ է: Հիշեցնենք, որ նման մի բան եղավ նաև ապրիլի 24-ից առաջ, երբ ձերբակալել էին Ժիրայր Սէֆիլյանին և նրա ընկերներին:
Այս ամենը ներքաղաքական կյանքի անբաժան իրադարձություններից են, որոնք Հայաստանում տեղի են ունենում կարևոր իրադարձություններից առաջ, ինչպես ապրիլի 24-ի դեպքում էր: ԵրեկՆորք-Մարաշում տեղի ունեցածը մեծ աղմուկ և ինչու չէ նաև խուճապ առաջացրեց, շատերի մոտ ստացավ նաև բեմադրված շոու անվանումը:
Սակայն ակնհայտ է մեկ բան, որ Հայաստանը նման դեպքերի պատրաստ չէ և դա ևս մեկ անգամ ապացուցվեց այսօր առավոտյան, երբ հանցավոր խմբի վնասազերծման մասին տեղեկություններից հետո հանրության շրջանում մի տեսակ խուճապ էր առաջացել. մարդկանց մեծ մասը մտածում էր, որ խմբավորումը կապ ունի «Իսլամական պետության» հետ:
Նաիրա Հովհաննիսյան