ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ գումարեց` օրակարգում ունենալով Լոռու մարզի դարպաս համայնքում հունվարի 3ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնի բաշխումը: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի ՀՀԿ ներկայացուցիչը, իսկ քարտուղարինը` ԲՀԿ: ԿԸՀն քննարկեց նաև քաղաքացի Վարդիթեր Մադաթյանի դիմումը` հանրաքվեի վերաբերյալ:
Մադաթյանը նշել էր, թե հանրաքվեին դրված նախագիծը սահմանափակում է քաղաքացու ընտրելու իրավունքը, իսկ ԿԸՀն պարտավոր էր կանխել այն հանրաքվեի դնելը կամ չեղյալ համարել արդյունքները: Չնայած դիմումատուն չէր մասնակցում նիստին` դիմումը քննարկվեց, և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ որևէ կերպ պահանջ ձևակերպված չէ, և տվյալ պարագայում դատողություններ են ներկայացվում և անհասկանալի է, թե ինչին է վերաբերում պահանջը, դիմումում միայն սուբյեկտիվ վերաբերմունք է արտահայտված:
«Ներկայացված դիմումը ոչ միայն իրավական հիմնավորումներ չունի, այլ հստակ ձևակերպված պահանջ ներառված չէ», «Արմենպրես»ի հաղորդմամբ` ասաց Մուկուչյանը: Հանձնաժողովը, հաշվի առնելով, որ դիմումը չի համապատասխանում Ընտրական օրենսգրքի պահանջներին, մերժեց վարչական վարույթի հարուցումը: ԿԸՀ որոշումը կարող է բողոքարկվել Վարչական դատարանում՝ աշխատանքային 3 օրվա ընթացքում: Ինչպես ԿԸՀ-ն այնպես էլ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դեկտեմբերի 12-ին կշարունակեն նիստեր գումարել` քննարկելու հանրաքվեի ընթացքում խախտումների վերաբերյալ բողոքները, որոնք ներկայացրել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանները:
Նիստեր կգումարեն 3-րդ, 4-րդ և 20-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները: ԿԸՀ-ն այդ բողոքները կքննարկի դեկտեմբերի 12ին` ժամը 18:00ին